Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ
Հոկտեմբերի 10-18-ը Մոսկվայում տեղի կունենա «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից:
«Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրագրերով ներկայանալու համար»,-համոզված են «Ոսկե ծիրան» փառատոնի կազմակերպիչները:
«Երեք հարյուր վաթսուն աստիճան» փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո: Փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ: Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում