Փոքրիկ Միլենայի հայրը օգնություն է խնդրում` երեխային պետք է հետազոտեն Մոսկվայում, աչքի պրոթեզը փոխեն…
Փետրվարին Panorama.am-ը անդրադարձել էր 4-ամյա Միլենա Քոչարյանի խնդրին և հիմա էլ փոքրիկ գեղեցկուհին օգնության կարիք ունի: Իտինոբլաստոման` աչքի չարորակ ուռուցքը, որ ախտորոշվեց երեխայի մոտ, այս ընտանիքի կյանքը ամբողջությամբ փոխեց և Քոչարյաններն այսօր ապրում են հետազոտությունից հետազոտություն, Մոսկվա գնալ-գալուց մինչև մյուս գնալ գալը, քանի որ 2012-ի օգոստոսին աչքի վիրահատությունից հետո երեխան ամեն վեց ամիսը մեկ պետք է հետազոտվի Մոսկվայում, ինչպես նաև աչքի պրոթեզը փոխի:
Անցած ամիսների ընթացքում ընտանիքում մեծ փոփոխություններ չեն արձանագրվել. մարտին երեխան մեկնել էր Մոսկվա հետազոտման, ինչի մասին գրել էինք, ռուս մասնագետները փոխել էին նաև փոքրիկի աչքի պրոթեզը: Ամենամեծ խնդիրը նրանում է, որ երեխայի աչքը մեծանալու հետ փոքրանում է պրոթեզը, և հենց այդ պատճառով է, որ վեց ամիսը մեկ այն պետք է փոխվի մինչ Միլենայի չափահաս դառնալը, երբ հնարավոր կլինի աչք պատվաստել (գառան աչք): Իսկ պրոթեզն արժե 60 հազար ռուբլի, շուրջ 2 հազար դոլար, ինչը սոցիալապես անապահով այս վանաձորցի ընտանիքի համար շա~տ լուրջ գումար է: Չհաշված այն ծախսը, որ վեց ամիսը մեկ անհրաժեշտ է Մոսկվա մեկնելու, հետազոտություններն անցնելու և այնտեղ մնալու համար.
«Հերթական հետազոտությունը նշանակված է նոյեմբերի 10-ից հետո, ստուգվում ենք «Գեմ-Գոլց» ակնաբուժական կլինիկայում: Հիմա ես չեմ աշխատում, անցած անգամ հաշվեհամարի վրա հավաքված փոքրիկ գումարն ու նաև «Նվիրիր կյանքի» հատկացված գումարը ծախսվել է մարտի հետազոտությունների վրա…. բայց պետք է տանեմ երեխային, չգիտեմ ինչ անեմ»,- մեզ հետ զրույցում պատմեց Միլենայի հայր Արտակը:
Վերջինս պատրաստվում է կրկին դիմել «Նվիրիր կյանք» հիմնադրամին, մտածում է, թե էլ ո՞ւմ կարող է դիմել, միայն թե հասցնի մեկ ամսվա ընթացքում գումար հավաքել` Մոսկվան շատ թանկ քաղաք է, բուժումն էլ ոչ պակաս: Բայց Միլենան պետք է հետազոտվի ու պրոթեզը փոխվի, արդեն նկատելի է տարբերությունը` աչքը մեծացել է:
Արտակ Քոչարյանը, ով այս պահին անգամ աշխատանք չունի, նաև աշխատանք է փնտրում, որպեսզի կարողանա ընտանիքը պահել. «Գոնե մի բարերար ինձ օգնության ձեռք մեկներ, երեխայիս բուժման գումարը տար ու աշխատանք, ես դրանով կփակեի այդ փողը… չեմ ասում հենց այնպես փող տա, կաշխատեմ, մենակ ինձ մենակ չթողնեն էս վիճակում: Մտնում եմ տուն, Միլենային տեսնում եմ ու սաղ պրոբլեմները վերանում են, դուրս եմ գալիս` փուլ են գալիս գլխիս: Չգիտեմ ինչ անեմ»,- նշեց նա:
Միլենայի հայրն ասաց, որ Panorama.am-ի հրապարակումից հետո հաջողվեց լուծել երեխայի թոշակի հարցը և համապատասխան գերատեսչությունը վերջապես հաստատեց այն 18 հազար դրամը, որ երեխան հիմա արդեն ստանում է: Իսկ մինչ այդ հանձնաժողովը համառորեն չէր ուզում տեսնել Միլենայի հիվանդությունը…
Ընտանիքը, որտեղ բացի Միլենայից երկու փոքրիկ էլ կա, գոյատևում է նպաստով ու Միլենայի թոշակով` 18 հազար դրամ: Արտակը չի աշխատում, կինը փոքրահասակ երեխաներին է խնամում: Մի խոսքով` առանց կողմնակի օգնության թե’ Միլենայի առողջականը, թե ‘ նաև տարրական այս ընտանիքի գոյությունն ու ապագան մշուշոտ է….
Քոչարյանների ընտանիքին, փոքրիկ գեղեցկուհի Միլենային օգնություն կարող եք ցուցաբերել ВТБ Հայաստան բանկի հետևյալ հաշվեհամարներին փոխանցում կատարելով.
ВТБ Հայաստան, հաշվետեր` Թամարա Վարդանյան (մայրը)
AMD 16093014916800
USD 16093014916801
EURO 16093014916802
RUR 16093014916803
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները