Բ. Պիպոյան. Շուկայում իրացվել են սերտիֆիկացում չանցած մթերքներ
Սննդամթերքի շուկայում սխալ մակնշմամբ ու առանց համապատասխան սերտիֆիկատի մթերքի հայտնվելը «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը համարում է ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անգործության հետևանք:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը երկու օր առաջ հրավիրած նիստում խիստ նախազգուշացում հայտարարեց Թալին Ֆուդ»,«Կալաչ»,«Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» և «Ամառտի» ընկերություններին: Նրանք, ըստ հանձնաժողովի, ցուցաբերել են անբարեխիղճ մրցակցություն` առանց սերտիֆիկատի «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» անվանումներն օգտագործելով:
«Ստացվում է, որ շուկայում իրացվել են սերտեֆիկացում չանցած մթերքներ: Եվ այդ խախտումը բացահայտում է ՏՄՊՊՀ-ն, այնինչ իրացման ցանցում սննդամթերքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հետևաբար հենց նույն Ծառայությունը պետք է հայտնաբերեր նշված խախտումը, շուկայահանված խմբաքանակների իրացումը կասեցներ և խախտման մոլորեցնող բնույթ ունենալու մասին տեղեկատվությունը տրամադրեր ՏՄՊՊՀ-ին»,-ասաց ՀԿ նախագահը:
Նրա խոսքով, երբ գործի մեծ մասը հանձնաժողովն է արել, ծառայությունը պարտավոր է շուկայից դուրս բերել, նմուշառել ու փորձաքննել այդ ընկերությունների արտադրանքը:
Նիստում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը օրենքի պահանջները խախտած ընկերություններին չտուգանելը բացատրեց հանգամանքով, որ նրանք ծանոթ չեն եղել օրենքին: Հարցին, թե տվյալ պարագայում օրենքի չիմացությունն ազատո՞ւմ է պատասխանատվությունից, սպառողների շահերի պաշտպան հանդիսացող ՀԿ նախագահը պատասխանեց, եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ եթե միայն սերտիֆիկատն է բացակայում, այսինքն մթերքը համապատասխանում է մակնշմանը, ապա կարելի է արտադրողներին ներել` տնտեսությանը չվնասելու համար:
Նախորդող հրապարակում`
«Բիո», «Էկո», «Օրգանական» անվանումներով մթերքներ արտադրող ընկերությունները մոլորեցրել են սպառողներին. նրանք նախազգուշացվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում