Հայաստանը և ԵՄ-ն բանակցում են, թե ի՞նչ ձևաչափով Հայաստանը կկարողանա մասնակցել Վիլնյուսի գագաթաժողովին
«Քեթրին Էշթոնի հայտարարությանը կարելի է դիտարկել որպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵՄ-ի հետ երկխոսության շարունակելու վերաբերյալ ԵԽԽՎ-ում հնչեցված հայտարարությանը Բրյուսելի արձագանք»,- panorama.am-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությանը, թե` ԵՄ-ն ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ:
«Հայաստանը և ԵՄ-ն այս պահին բանակցություններ են վարում` թե ի՞նչ ձևաչափով Հայաստանը կկարողանա մասնակցել Վիլնյուսի գագաթաժողովին: Իմ կարծիքով, ներկայումս առաջ են քաշվում մի շարք հարցեր առ այն, թե արդյո՞ք Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, արդյո՞ք Բրյուսելի համար ընդունելի և հնարավոր է վերափոխել սկզբնական փաստաթուղթը, որը Հայաստանը պատրաստվում էր ստորագրել, մինչև Մաքսային միությանը միանալու սեպտեմբերի 3-ի հայտարարությունը»,- նշեց Ս. Մինասյանը:
«Մենք տեսնում ենք որ տեղի է ունենում աշխատանքային գործընթաց: Իսկ արդյունքները տեսանելի չեն հենց այն պատճառով, որ գործընթացը շարունակվում է: Իրականում առկա է իրավիճակի զարգացման երկու տարբերակ. կամ Բյուսելը առավել ճկունություն է ցուցաբերում և Հայաստանի հետ նախաստորագրում է Ասոցացման պայմանագիրը, առանց Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու պայմանագրի, կամ էլ պետք է առաջ բերվի նոր փաստաթուղթ, որը ինչ-որ ձևով կամրագրի մինչ սեպտեմբեր արձանագրված համագործակցության բոլոր կետերը: Դա անհրաժեշտ է նաև նրա համար, որպեսզի հետագայում հարկ չլինի Հայաստան-ԵՄ հարաբերությունները սկսել մաքուր էջից»,- հավելեց բանախոսը:
Նախորդիվ`
Քեթրին էշթոն. ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ փոխգործակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան