Արձագանք արտաքին մարտահրավերներին
Ավարտվեց ՀՀ պետական և ռազմական կառավարման մարմինների հետ մեկնարկած «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումները` «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով:
Սա այս ձևաչափով երրորդ, սակայն իր տեսակով առաջին մարզումն էր՝ մասշտաբների ու մարտական պայմաններին առավելագույնս մոտ լինելու առումով:
Այն առաջին հերթին կարևոր էր ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացման, ռեսուրսների արդյունավետ կառավարման, պետական ողջ համակարգի ներուժի մոբիլիզացման ու արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման առումով:
Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ միանգամից իրար են բախվում մեծ թվով սպառնալիքներ՝ շրջափակում, փակ սահմաններ, տարածքային նկրտումներ, իսկ պատերազմի մշտական սպառնալիքը «դամոկլեսյան սրի» պես կախված է տարածաշրջանի գլխին:
Թերթելով Հայաստանի հազարամյա պատմությունը, մի շատ կարևոր եզրահագում ենք անում՝ Հայաստանը ժողովրդի անվտանգությունն ապահովելու ու իր ինքնիշխանությունը պահպանելու հարցում մշտապես եղել է միայնակ: Եվ այսօր, մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ամենամեծ խնդիրն է՝ անվտանգության սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ մշակել այնպիսի ռազմավարություն, ինչը մեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում ինքնուրույն դիմագրավել արտաքին սպառնալիքներին:
Վերլուծելով «Արձագանք-2013» մարզումների սցենարն ու դրված խնդիրները կարելի է եզրակացնել, որ Հայաստանը փորձում է մշակել արտաքին սպառնալիքների դեմ պայքարի սեփական մոդելը, ինչը որքան էլ դժվար, սակայն իրատեսական խնդիր է:
Միաժամանակ պետք է փաստել, որ Հայաստանը գնում է արտաքին մարտահրավերներին դիմագրավելու առավել աշխատատար, բարդ, սակայն առավել արդյունավետ ճանապարհով, ինչը մեր աշխարհագրական դիրքի ու տարածաշրջանային սպառնալիքների պայմաններում լավագույն լուծումներից է:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան