Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Վրաստանի միջև կձևավորվի լայն միջսահմանային համագործակցություն
Այսօր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Զարգացնելով տարածաշրջանային համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում. Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագիր» խորագիրը կրող առաջին տարածաշրջանային կոնֆերանսը: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանի և Վրաստանի տարածքային կառավարման նախարարություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ:
Տարածաշրջանային կոնֆերանսը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության Տարածաշրջանային համագործակցության ծրագրի կողմից: Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագրի ֆինանսավորումը կազմում է է 1,8 մլն եվրո: Ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանային բազմաոլորտային համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի և Վրաստանի սահմանակից մարզերի ու շրջանների միջև:
Կոնֆերանսի հայ և վրացի մասնակիցները մանրամասն ներկայացրեցին իրենց մարզերում և շրջաններում սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, բնապահպանական, հասարակական և մշակութային առանձնահատկություններն ու խնդիրները, որոնց լուծման համար կարևորեցին միջսահմանային համագործակցությունը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսեյ Սեկարյովն ասաց, որ նախատեսված են միջսահմանային համագործակցության մի քանի ոլորտներ՝ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացում, գործարար ենթակառուցվածքների զարգացում, փոքր և միջին գործարարության տեղեկացվածության բարձրացում, առևտրի մաքսային և այլ կանոնակարգերի իրազեկում, բնապահպանության ոլորտում համագործակցություն և մարդկային շփումներ:
«Հայերի ու վրացիների համար ընդհանուր միջսահմանային խնդիրները կարող են լուծվել՝ միասին համագործակցելով: Տարածաշրջանների ներկայացուցիչները կարող են առաջարկել իրենց ծրագրերը, գտնեն մյուս կողմում գործընկեր և հայտ ներկայացնել իրենց համատեղ ծրագրի ֆինանսավորման համար: Գործընկերներ կարող են լինել պետական մարմիններ, համայնքային մարմիններ, ոչ կառավարական կազմակերպություններ, սակայն չեն կարող ծրագրին մասնակցել շահույթ հետապնդող մասնավոր ձեռնարկությունները, քաղաքական կուսակցություններ»,- ասաց Ա. Սեկարյովը:
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի մասնակիցների ֆինանսավորումը լինելու 20,000-ից մինչև 250,000 եվրո և սկսելու է գործել հաջորդ տարվանից, հունիսին հայտարարվելու է մրցույթ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը փաստեց, որ ծրագիրն աննախադեպ է, քանի որ Հայաստան-Վրաստան ամբողջ սահմանի երկայնքով նախատեսվում է բազմաոլորտային համագործակցություն հաստատել հասարակական կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև:
«Նախկինում եղել են առանձին բնապահպանական նախաձեռնություններ, բայց այս մասշտաբի ներգրավվածություն առաջին անգամ է: Սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մտավախություն կար, թե ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրերը կդադարեցվեն, ֆինանսավորումը կկասեցվի, բայց Եվրոպան պահպանում է իր հատկացվելիք աջակցությունը»,- ասաց Լ. Բարսեղյանը:
Նա նշեց, որ նախկինում Հայաստանի հյուսիսային շրջանները ակտիվ կապերի մեջ չեն եղել Վրաստանի հարավային շրջանների հետ, և այդ ծրագիրը, ըստ նրա, լայն հնարավորություններ է ստեղծում:
«Սկսած տուրիզմից մինչև բնապահպանության, գյուղատնտեսության, անասնապահության, հիվանդությունների կանխարգելման, ճանապարհային ենթակառուցվածքների, կրթության, մշակութային ոլորտներում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների միջև կարող են համատեղ ծրագրեր իրականացվել: Ծրագիրն, անշուշտ, մտերմացնելու է կողմերին, մասնավորապես Ջավախքին Հայաստանի հյուսիսային մարզերի հետ»,- ասաց Լ. Բարսեղյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա