Հայաստանում 3600 մարդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի
2010թ-ին առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով կատարվեց մի հետազոտություն, որը միտված էր պարզելու, թե որքա՞ն է այն քաղաքացիների թիվը, որոնք պալիատիվ խնամքի կարիք ունեն: Ըստ այդմ պարզվեց, որ Հայաստանում 3600 մարդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի, տարվա կտրվածքով սա դառնում է բավականին մեծ թիվ` 16-17 հազար հիվանդ և եթե այս թվում ներառենք նաև հիվանդների բարեկամ-հարազատներին, որոնք խնամում եմ նրանց, ապա այս թիվը հավասարվում է 80-100 հազարի տարեկան: Այս թվերը լրագրողներին ներկայացրեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ թերապիայի բաժնի վարիչ Հրանտ Կարապետյանը` Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում:
Բանախոսի խոսքով, Հայաստանում դեռևս ունենք ցավազրկման հետ լուրջ խնդիրներ, չնայած վերջին չորս տարիներին Առողջապահության նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ.
«Այդ աշխատանքների կոնտեքստում օրենսդրական փոփոխություններ կան և կարծում եմ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այդ հարցը կլուծվի և կկարողանանք հանգիստ ասել, որ ցավազրկողների հարցը լուծված է»,- հույս հայտնեց նա:
Նշենք, որ աշխարհի երկրների 57 տոկոսը տրամադրում են պալիատիվ խնամք, սակայն միայն 20 տոկոսի դեպքում է պալիատիվ խնամքն ընդգրկված առողջապահական համակարգում: Հայաստանում այդ ուղղությամբ աշխատանքները, ինչպես նշվեց, դեռ ընթացքում են և սպասում են օրենսդրական ամրապնդման: Նշենք նաև, որ պալիատիվ խնամքն իր մեջ ներառում է ոչ միայն բուժական միջոցներ, այլև հոգեբանական ծառայություններ, այդ թվում և ընտանիքի անդամների համար, կազմակերպչական աշխատանքներ:
Նախորդիվ`
Մշակվում է ՀՀ պալիատիվ խնամքի հայեցակարգ. «Մարդիկ չպետք է տանջվեն»