Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նիստ է գումարել
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր գումարել է չորրորդ նիստը: Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել է վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Քննարկվել և հաստատվել են նաև հանձնաժողովի և քարտուղարության աշխատակարգը և հանձնաժողովի աշխատանքային պլանը:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 18-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր` ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին: Մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: ՀՀ Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին արդարադատության նախարարությունից, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սույն թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իր անդրանիկ նիստում նախատեսել է տարբեր մասնագետների և կազմակերպությունների ներկայացրած առաջակությունների ընդունման, ուսումնասիրման և քննարկման ընթացակարգ, որի համաձայն՝ մասնագիտական առաջարկությունները կարող են ուղարկվել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Նախորդող հրապարակում`
«Նորից տեղեկատվության շեղում. առաջարկության հեղինակը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, ոչ թե Վիգեն Սարգսյանը». Հրայր Թովմասյան