Եթե ուսուցիչը դասի նպատակը ճիշտ չի ընտրել, հաստատ ոչ մի մեթոդ նրան օգնել չի կարող. Դպրոցի տնօրեն
Ուսուցման նոր մեթոդների կիրառման դեպքում պետք է հաշվի առնել նաև ազգային առանձնահատկությունները, պետք է աշխատել` համատեղելով ավանդականի հետ և կիրառելով այդ նոր մեթոդներն ըստ անհրաժեշտության: Նման կարծիքի է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը, ով օրերս ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար արժանացել է կրթության և գիտության նախարարության պատվոգրին:
«Մեր դպրոցը մոտ կեսդարյա պատմություն ունի, լավագույն ձեռքբերումները պահպանված են: Մեզ մոտ ավանդական մեթոդների կողքին կան նաև նորերը: Այս ընթացքում պարզ երևացել են արդյունքները և այդ նոր մեթոդները նպաստում են դասավանդման մակարդակի բարձրացմանը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրենը:
Դասավանդման մակարդակի առաջին չափանիշը, ինչպես նկատեց Անահիտ Սարգսյանը, աշակերտների հաջողություններն են. «Մեր աշակերտների 50 տոկոսը ընդունվել են բուհեր, նաև օլիմիպիադաներում են աչքի ընկել: Աչքի ընկած աշակերտների համար նույնիսկ կրթաթոշակներ ենք սահմանում»:
Նորագույն մեթոդների կրառման օղակներում առաջինը, տնօրենի բնորոշմամբ, աշակերտն է, որի համար կա նաև արտադպրոցական, արտադասարանական կրթություն, ինչն իրականացվում է խմբակների միջոցով` երգչախումբ, պարարվեստ, արևելյան մարզաձևեր, ֆուտբոլ և այլն: Կան նաև աշակերտներ, որոնք միջին կամ միջինից ցածր կարողությունների տեր են, և նրանք ընդգրկվում են դպրոցում գործող արհեստագործական խմբակներում:
Ըստ Անահիտ Սարգսյանի` լավ արդյունքների համար գործակցային ուսուցման պլան պետք է դրվի, աշակերտը ուսուցման պրոցեսում դառնա և՛ ուսուցանող, և՛ ուսուցանվող: «Այս համակարգում բոլորն են պատասխանատու, գիտեն, որ բոլորի հաջողությունից կախված է ուսուցման ամբողջ պրոցեսի արդյունքը: Ամենակարևորը` աշակերտը գիտակցվում է` ինքը միաժամանակ դասապրոցեսում և սովորելու է, և սովորեցնելու: Մոտ 35 աշակերտ ունեցող դպրոցները շատ են, ֆինանսական խնդիրներից ելնելով չեն կիսվում դասարանները, իսկ նման դեպքում ուսուցչակենտրոն մոտեցումը, հաստատ, հաջողության հասնել չի կարող: Դա պիտի զուգակցվի: Կարևոր է նաև խմբակային աշխատանքը»,- ասաց նա:
Դպրոցի տնօրենն անդրադարձավ նաև բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների ընտրությանը և նշեց, որ դրանց դեպքում անհատական մոտեցում պետք է կիրառվի, իհարկե, աշակերտներն էլի միասին պիտի աշխատեն. «Բայց ինչ էլ ուզում ես արա, բազմակազմ դասարանում բարձր արդյունք ապահովել հնարավոր չէ»:
Անահիտ Սարգսյանը խիստ կարևորում է դասի նպատակը և, ըստ նրա, եթե դասի նպատակը ճիշտ չի ընտրել ուսուցիչը, հաստատ ոչ մի մեթոդ նրան օգնել չի կարող: «Եթե դասի նպատակը հստակ չգիտես, դասարանում լինի 30 աշակերտ, թե` 3, արդյունքի հասնել չես կարող: Այ դրանից է կախված մեթոդի ընտրությունը: Ուսուցիչը պետք է առաջնորդվի չափորոշիչով: Այն պիտի դառնա ցանկացած ուսուցչի, ցանկացած մեթոդի գործիք: Այն դասաժամը, որը կառուցված չէ չափորոշչային պահանջի վրա, այլ դասագրքի, դասանյութի շուրջ, նման դասաժամն աղքատիկ է, անկախ մեթոդից: Հստակ պետք է իմացվի` որ երեխային ինչ մակարդակի է, ինչ առանցքային նորմատիվ գիտելիքներ են պահանջվում նրանից: Գիտելիքն ավելի կենդանի դարձնելու պահանջն է առաջ քաշվում, դրա համար պետք է առաջնորդվեն չափորոշիչային կրթությամբ»,- ասաց նա:
Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենը շեշտեց, որ ցանկացած ուսուցչի, տնօրենի համար կարևոր պետք է լինի, թե ինչ են սովորեցնում, ինչ է մնում սովորացրածից և ինչ արժեհամակարգով քաղաքացի են դաստիարակում:
Հավելենք, որ այս դպրոցն ունի 445 աշակերտ: Նաև ներառական կրթություն է իրականացվում, որի շրջանակներում 31 երեխաներ են սովորում:
Նախորդող.
«Հեշտ ձևն ենք ընտրում` գրատախտակ, կավիճ ». Բազմակազմ դասարաններում ուսուցման մեթոդների խնդիր կա
Բազմակազմ դպրոցների ուսուցիչներին ոչ մի ձեռնարկ, ոչ մի օգնություն դեռ չի տրվել. Մասնագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան