«Երևանյան հեռանկարներ» փառատոնը Բյուրականում բացելու է ակադեմիա. «Տաղանդը գործի կեսն է»
Բյուրականում հաջորդ տարի բացվելու է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի երաժշտական միջազգային ակադեմիան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
«Բյուրականը ոչ միայն չքնաղ բնություն ունի, այլ նաև ակադեմիական գյուղ է, ունի պատմություն, ձևավորված գիտական միջավայր, այսինքն՝ կոմպլեքսը մշակութային մեծ արժեք է ներկայացնում»,- տեղի ընտրության հետ կապված հարցին այսպես պատասխանեց նա:
Միաժամանակ Սոնա Հովհաննիսյանը հավելեց, որ փառատոնի տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը Բյուրականում մի փոքրիկ հողակտոր էր գնել, որտեղ պետք է տուն կառուցեր, շինարարական աշխատանքները սկսվել էին, սակայն հետո որոշել է, որ այդտեղ պետք է լինի արվեստի կենտրոն:
«Այս հարցում մեզ ոչ ոք չի օգնել, դրա համար դանդաղ է ընթանում շինարարությունը: Բայց արդեն 90 տոկոսով վերջացրած է աշխատանքները: Այն ունի 80 հոգու համար դահլիճ: Այդտեղ կարող են կրթվել, շփվել հայտնի երաժիշտների հետ, կամերային համերգներ կազմակերպել»,- մանրամասնեց Ս. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ակադեմիայի ստեղծման հիմնական նպատակն է ապահովել շփում հայ հեռանկարային երաժիշտների ու համաշխարհային ճանաչոււմ ունեցող երաժիշտների, ստեղծագործողների, կատարողների միջև, որոնք արդեն իրենց փառատոնի ընկերներն են:
Ըստ նրա, աշխարհում ընդունված մեխանիզմ է. տաղանդի հետ պետք է նաև հրող մեխանիզմ լինի. «Հրելու մեխանիզմ մեզ մոտ չկա: Փառատոնն իր կապերի շնորհիվ մեծանուն երաժիշտների ուշադրությունը կարող է հրավիրել հայ հեռանկարային կատարողների վրա, քանի որ հենց այդ մեծանուն երաժիշտներն են որոշում, թե որ տաղանդը տեղ զբաղեցնի, որը ոչ: Այսինքն՝ տաղանդը գործի կեսն է»,- նշեց փառատոնի գլխավոր մենեջերը:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, եվրոպական կոնսերվատորիաներում, որտեղ դասավանդում են հանրահայտ արվեստագետները, ողջ կիսամյակի ընթացքում 10-12 անգամ են հանդիպում իրենց ուսանողների հետ, այսինքն այստեղ էլ 10-12 օր աշխատելով նույնքան գիտելիք կփոխանցեն, ինչքան երեք ամիս այդ կոնսերվատորիաներում:
Պատասխանելով հարցին, թե արդեն ընտրե՞լ են այն երիտասարդ արվեստագետներին, որոնք պետք է կրթություն ստանան այդ ակադեմիայում, նա ասաց, որ դժվար չէ գտնել այնպիսի անուններ, որոնք հեռանկարային են: «Մեր նախաձեռնությունը համահայկական գաղափարի համար է, որպեսզի հայազգի մեծանուն մենակատարներ, կոմպոզիտորներ, դիրիժորներ ունենանք: Փառատոնն ուղղակի համերգաշար չէ, պետք է նաև ծառայի երկրի մշակութային կյանքի զարգացմանը, նպաստի մասնագետների կրթությանն ու միջազգային ճանաչմանը»,- ասաց Ս. Հովհաննիսյանը: