Ս.Քրմոյան. Կորոշակիանա հակացավային միջոցների տրամադրման քաղաքականությունը
Աշխարհն այսօր նշում է Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրը, անմասն չէ նաև Հայաստանը, թեև ոլորտը մեր երկրում դեռևս այդքան էլ կայուն վիճակում չէ, ինչի հետևանքով ամեն օր շուրջ 3600 մեր հայրենակիցներ տանջվում են ցավերից ու պալիատիվ խնամքի կարիք ունեն: Լրագրողների հետ հանդիպմանը Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ նախարարության վերջին 2-3 տարիների գերակա ուղղություններից մեկը ամոքիչ օգնության ներդրումն է և դրա համար նախադրյալների ստեղծումը.
«Վերջին երկու տարիները բեկումնային էին, որովհետև ընդունվեց մի հայեցակարգ, որը թույլ տվեց կառավարությանը և գործընկեր կառույցներին պլանավորված և փուլային ձևով իրականացնել գործողություններ այս ոլորտում: Այս տարի, ծրագրի համաձայն, ընտրելու ենք այն մոդելը, որով և իրականացնելու ենք պալիատիվ բուժօգնությունը Հայաստանում»,- տեղեկացրեց Ս.Քրմոյանը և հավելեց, որ ըստ այդմ կորոշակիանա նաև հակացավային միջոցների տրամադրման քաղաքականությունը բժիշկը հստակ կիմանա, թե որ դեպքում ինչ հակացավային միջոց պետք է նշանակի հիվանդին:
Երկրորդ նպատակն է պաշտպանել բժշկական անձնակազմին, քանի որ շատերը պարզապես խուսափում են ցավից տառապող հիվանդներին նշանակել ցավազրկող միջոցներ, քանի որ թմրանյութեր պարունակող դեղամիջոցների նկատմամբ հսկողությունը բավականին խիստ է:
Կարևոր խնդիրներից մեկն էլ, որ նախարարությունը փորձելու է լուծել, դա բուժանձնակազմի վերապատրաստումն է և որ ամենակարևորն է` հանրապետության ամբողջ տարածքում.
«Կարևոր է, որ պալիատիվ բուժօգնությունը հասանելի լինի բոլորին, իսկ դրա համար կրթված բուժանձնակազմը կարևոր նախապայման է»,- նշեց Քրմոյանը` հավելելով, որ նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում այս խնդիրը:
Նախորդիվ`
Հայաստանում 3600 մարդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի