Վազգեն Սաֆարյան. Եվրաբոնդերից ստացված գումարը պետք է ուղղել արդյունաբերության զարգացմանը
Հայաստանի արդյունաբերությունը զագացնելու համար պետությունը պետք է ներդրումային քաղաքականություն իրականացնի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Մասնավորապես, ըստ նրա, եվրաբոնդերից ստացված գումարը պետք է ուղղել արդյունաբերության զարգացմանը: Նշենք, որ Հայաստանի կողմից թողարկած 700 մլն դոլար ծավալով եվրաբոնդերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից:
Վ.Սաֆարյանի խոսքերով` եվրապարտատոմսերի տեղաբաշխումից ստացած գումարով Հայաստանը վաղաժամկետ կմարի տնտեսական ճգնաժամի ժամանակ ՌԴ-ից վերցրած վարկը, իսկ մնացած գումարով, ըստ նրա, պետք է պետությունը լուրջ ներդրումներ իրականացնի տնտեսության հիմնական ճյուղերում, որպեսզի արդյունաբերության մակարդակը բարձրանա:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը գտնում է, որ եվրաբոնդերից ստացված գումարն առաջնահերթ պետք է ուղղել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցմանը, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդեն կոմբինատում ձուլարանի և քիմիամետալուրգիական կոմբինատի կառուցմանը: Բացի այդ, ըստ բանախոսի, այդ գումարները պետք է ուղղել Հայաստան-Իրան և Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծերի կառուցման վրա:
Վ.Սաֆարյանը նշեց նաև, որ Հայաստանում արդյունաբերության մակարդակը այսօր ՀՆԱ-ում կազմում է 20 տոկոս, ինչը բավականին քիչ է, ուստի այսօր խնդիր է դրված, որպեսզի այն հասցնել 30-35 տոկոսի։ «Հայաստանի արդյունաբերությունը լուրջ անկում է ապրել, դրա համար պետք է պետությունը ներդրումային լուրջ քաղաքականություն իրականացնի»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում