«Մաքսային միությանը անդամակցելով Հայաստանում արդար հարկային քաղաքականություն կիրականացվի». Վազգեն Սաֆարյան
Հայաստանի տնտեսության մեջ 35 տոկոս ստվերայնություն է արձանագրվել, ինչը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչքանով ՀՀ կառավարությանը կհաջողվի 2014թ-ին խոշոր բիզնեսից մոտ 220 մլն դոլարով ավելի հարկ հավաքել, այն դեպքում, երբ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պատահական մարդիկ չեն, Վ.Սաֆարյանը նշեց. «Կարծում եմ, որ կառավարությունը կկարողանա քաղաքական կամք դրսևորել, որպեսզի ստվերային տնտեսությունը կրճատի։ Ժամանակները փոխվում են, և Մաքսային միության մեջ մտնելը կնպաստի իրականացնել այդպիսի արդար քաղաքականություն, որպեսզի այդ բեռը չընկնի ավելի անպաշտպան` փոքր և միջին բիզնեսի վրա»:
Այդուհանդերձ, նա գտնում է, որ 2014 թ-ի բյուջեի նախագիծը, որն ունի սոցիալական ուղղվածություն, չի կրճատելու գործազրկության մակարդակը, իսկ արտագաղթը կասեցնելու ուղղությամբ բավարար քաղաքականություն չի տարվի: «Կարծում եմ, որ կառավարությունը շեշտը պետք է դնի արդյունաբերության զարգացման վրա, որը մեծ թվով աշխատատեղեր կապահովվի, ինչպես նաև կնպաստի, որպեսզի ֆիքսված հարկեր գան բյուջե»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Նա նշեց նաև, որ Մաքսային միություն մտնելով` Հայաստանը կընդունի համատնտեսական օրենքներ, ինչի արդյունքում հարկման դաշտում և մաքսային քաղաքականության մեջ կդրսևորվեն նոր մոտեցումներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում