«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի ընտրությունները գովերգող «ամերիկյան» ՀԿ-ների հետքերը տանում են դեպի Ուկրաինա
Հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունեների նպատակով Եվրամիությունից, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից ինչպես նաև միջազգային այլ կառույցներից պաշտոնական դիտորդների հետ միասին Ադրբեջանում են գտնվել նաև Քաղաքական մոնիթորինգի ամերիկյան անկախ կենտրոնի խմբի անդամները, գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը:
«Սակայն հարցրեք ցանկացած ադրբեջանցի դիտորդի կամ ոչ իշխանամետ ԶԼՄ-ի լրագրողի` ովքեր են այդ խմբի անդամները. նրանցից ոչ ոք չի կարողանա պատասխանել», - գրում է հեղինակը:
Նյութում նշվում է, որ նրանցից ոմանք երբևէ չեն լսել այդ կազմակերպության մասին: Մյուսները կասկածում են, որ այն պատվիրված է Ադրբեջանի կառավարության կողմից երկրի ընտրություններին դրական գնահատական տալու համար:
«Այդպիսի գնահատականը` հատկապես արևմտյան դիտորդների կողմից, երկրում կատարվող զանգվածային կեղծիքների մասին ընդդիմության հայտարարությունների դեմ օգտակար հակափաստարկ կլիներ», - նշում է հեղինակը:
Կազմակերպության կայքի համաձայն` Քաղաքական մոնիթորինգի ամերիկյան անկախ կենտրոնը տեղակայված է Օքլահոմա նահանգի փոքրիկ քաղաքներից մեկում: Այն ոչ կոմերոցիոն խումբ է, որը հիմնադրվել է 2005թ.-ին` նախկին Խորհրդային Միության երկրներում անցկացվող ընտրություններին դիտորդություն իրականացնելու նպատակով:
Նրա անդամներից շատերը ներկայացված են որպես «փորձագետներ»: Յուրաքանչյուրի կողքին կա այն ընտրությունների ցուցակը, որոնց, իրենց խոսքերով, այդ փորձագետը մասնակցել է: Սակայն լրացուցիչ մանրամասներ շատ քիչ կան:
«Օգտագործելով քերականորեն սխալ անգլերեն` խումբն իրեն բնորոշում է որպես երիտասարդ բայց ազդեցիկ կազմակերպություն, որը վաստակել է շատ քաղաքագետների, Հյուսիսային Ամերիկայի և ամբողջ աշխարհի ընտրազանգվածի վստահությունն ու հարգանքը», - ասվում է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ կազմակերպության կայքում նախկին ընտրությունների զեկույցներին հղումներ կան, որտեղ նրանք դիտորդություն են իրականացրել, սակայն հղումները տանում են դեպի դատարկ էջեր: Կայքում չկա նաև ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանի ընտրատեղամասերի փակումից մի քանի ժամ առաջ իշխանամետ «APA» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Քաղաքական մոնիթորինգի ամերիկյան անկախ կենտրոնն Ադրբեջանի ընտրությունները գնահատել է որպես ազատ:
Նյութի հեղինակը նաև պատմում է, որ Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) Բաքվում մամլո ասուլիս էր կազմակերպել:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը ICES-ի անդամ Աննա Չուրդովայի հետ զրույցում հարցրել էր կազմակերպության ֆինանսավորման մասին, որին ի պատասխան` Չուրդովան նշել էր Ուկրաինայում հիմնադրված ՀԿ-ի անուն:
Գերմանիայից ժամանած դիտորդ և իրավաբան Միխայիլ Հոհենդալն «Ազատություն» ռադիոկայանին իր հերթին հայտնել է, որ իր աշխատանքը նույնպես ֆինանսավորվում է ՀԿ-ի կողմից: Սակայն նյութում նշում է, որ նույն Միխայիլ Հոհենդալը գովերգել է նաև 2012թ. Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններն այն ժամանակ, երբ արևմտյան դիտորդները դրանք գնահատել էին որպես ոչ ազատ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա