Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել այդ երկրի միջազգային պարտավորություններին
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքն այն մասին, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ունեցած այդ երկրի պարտավորություններին, ասել է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության` եվրոպական հարցերով նախարար Դեվիդ Լիդինգթոնը:
Նախարարի խոսքերով` ԵԱՀԿ ԺՄԻԳ-ն իր եզրափակիչ զեկույցում Ադրբեջանում կազմակերպված ընտրությունների վերաբերյալ մի շարք անհանգստություններ է արտահայտել, այդ թվում` անհանգստություն խոսքի ազատության և ժողովների կազմակերպման ազատության սահմանափակման, նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներին և լրագրողներին վախեցնելու մասին տեղեկատվության և ընտրությունների օրը գրանցված լուրջ խախտումների վերաբերյալ:
«Ես կիսում եմ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի կարծիքն այն մասին, որ Ադրբեջանի ընտրություններն ընդհանուր առմամբ չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ունեցած այդ երկրի պարտավորություններին», - հայտարարել է Լիվինգսթոնը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անց են կացվել նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է հավաքելով ձայների 84,58%-ը: Նախնական տվյալների համաձայն` երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների 5,54%-ը: Նաև նշենք, որ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, Ադրբեջանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն և «EL» շարժման առաջնորդ Էլդար Նամազովը քվեարկության ընթացքում հայտարարել են նախագահական ընտրություններում գրանցված «բացարձակ խախտումների» և կեղծիքների մասին: Ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլին, նույնպես ընգծելով ընտրությունների ընթացքում գրանցված զանգվածային խախտումները, ամբողջ պատասխանատվությունը վերագրում է գործող նախագահ Իլհամ Ալիևին: Ջամիլ Հասանլիի շտաբն ընտրությունների ընթացքում պարբերաբար մամլո հաղորդագրություններ է թողարկել, որոնք մանրամասնորեն նկարագրում էին խախտումները` քվեաթերթիկների լցոնում, «կարուսելներ», դիտորդների վրա ճնշումները և այլն: