Ադրբեջանի պաշտոնական թերթում ընտրությունների կեղծումն ապացուցող լուսանկար է հրապարակվել
Հոկտեմբերի 10-ին ադրբեջանական «Khalq» պաշտոնական թերթը հրապարակել է բավականին հետաքրքիր մի լուսանկար, որտեղ պատկերված են Սումգայիթ քաղաքում անցկացված նախագահական ընտրությունները, գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նյութի հեղինակը նշում է, որ այդ լուսանկարում երևում է, թե ինչպես է քվեարկող տղամարդը քվեատուփ գցում մեկ քվեաթերթիկ` մյուս ձեռքում ևս մի քանի քվեաթերթիկ բռնելով: Նրա կողքին մեկ այլ ընտրող է կանգնած: Երկուսն էլ չեն թաքցնում կատարվածից ստացած իրենց հաճույքը: Հատկանշական է, որ այդ լուսանկարը թերթի կայքում այլևս չկա:
«Մենք չփորձեցինք «Հալք» թերթի մեր գործընկերներին հարցեր տալ, քանի որ պատասխաններն արդեն գիտեինք. ընտրողի մյուս ձեռքում բնավ էլ քվեաթերթիկներ չեն. դրանք քվեաթերթիկների տեսք ունեցող թղթեր են: Մենք հենց այդպես էլ կարծում էինք»,- գրում է նյութի հեղինակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անց են կացվել նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է հավաքելով ձայների 84,58%-ը: Նախնական տվյալների համաձայն` երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների 5,54%-ը: Նաև նշենք, որ «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, Ադրբեջանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն և «EL» շարժման առաջնորդ Էլդար Նամազովը քվեարկության ընթացքում հայտարարել են նախագահական ընտրություններում գրանցված «բացարձակ խախտումների» և կեղծիքների մասին: Ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլին, նույնպես ընգծելով ընտրությունների ընթացքում գրանցված զանգվածային խախտումները, ամբողջ պատասխանատվությունը վերագրում է գործող նախագահ Իլհամ Ալիևին: Ջամիլ Հասանլիի շտաբն ընտրությունների ընթացքում պարբերաբար մամլո հաղորդագրություններ է թողարկել, որոնք մանրամասնորեն նկարագրում էին խախտումները` քվեաթերթիկների լցոնում, «կարուսելներ», դիտորդների վրա ճնշումները և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում