Ադրբեջանի պաշտպանության նախարարի` Հունգարիայում գտնվող հաշվեհամարների վրա 65 միլիոն եվրո է հայտնաբերվել
Հունգարական «OTR BANK»-ը սառեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հաշվեհամարը: Նախարարի բանկային հաշվի վրա կա 65 միլիոն եվրո: Բանկն Աբիևից այդ գումարի առաջացման մասին տեղեկատվություն է պահանջել, սակայն նախարարը չի կարողացել եկամուտների մասին համապատասխան զեկույց ներկայացնել: Ըստ ադրբեջանական «Haqqin.az» պորտալի`այդ մասին ասվում է Ադրբեջանի «Պահուստային սպաներ» հասարակական միության նախագահ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլիի դիմումի մեջ:
Պորտալը նշում է, որ Ջաֆարլիի դիմումը, որն ուղղված է Ադրբեջանի Գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին, հրապարակվել է ադրբեջանական «Բիզիմ Յոլ» պարբերականում:
«Ինտերպոլի հունգարական բաժանմունքի զեկույցներում ասվում է, որ երկու ամսվա ընթացքում կասկածելի փոխանցումներ են կատարվել Ադրբեջանից դեպի հունգարական բանկերի հինգ հաշվեհամարներ: Այդ փոխանցումներից ստացվել են «շապիկներ»` 686 000, 196 000, 617 000 և 252 000 դոլարի չափով: Բացի այդ, դատելով բանկային փոխանցումների մասին տեղեկատվությունից` նախարար Սաֆար Աբիևն ամսական 3 միլիոն դոլարի չափով «շապիկ» է ստանում: Եվ դա ընդամենը Հունգարիայում հայտնաբերված հինգ հաշվեհամարներից ստացված թիվն է», - նշվում է դիմումի մեջ:
Ըստ դիմումի` սպաների միությունը գրավոր մի քանի անգամ գրավոր դիմում է ուղարկել նշված բանկ, սակայն բանկի ադմինիստրացիան չի պատասխանել հարցումներին: «Բանկի ղեկավարությունը հրաժարվել է որևէ տեսակի տեղեկատվություն տրամադրել` բացատրելով, որ հարցը վերաբերում է միջկառավարական հարաբերություններին: Սակայն բանկը չի հերքել մեր տեղեկատվությունը: Մենք` որպես հասարակական կազմակերպություն, Գլխավոր դատախազությունից և Ազգային անվտանգության նախարարությունից պահանջում ենք ստուգել այդ տեղեկատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել», - ասվում է դիմումի մեջ:
Յաշար Ջաֆարլին նաև նշում է, որ իրենց միությունը շարունակում է հետաքննել Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում Սաֆար Աբիևի բանկային հաշվեհամարների մասին տեղեկատվությունը: Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ չի համարում մեկնաբանել Ջաֆարլիի դիմումը, ով «խաղալիք է դարձել ուրիշի ձեռքերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա