Թուրքագետներ. Հայ-թուրքական արձանագրությունները մեռած փաստաթղթեր են
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեռած է, հայ-թուրքական արձանագրությունները մեռած փաստաթղթեր են: Եվ այս ամենը պայմանավորված է Թուրքիայի դիրքորոշմամբ, որը շարունակում է այդ փաստաթղթերի վավերացումը կապել Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, որի ստորագրումից անցել է արդեն չորս տարի, նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա դիտարկմամբ, խոշոր պետություններն այս պահին չեն ցուցաբերում շահագրգռություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ Մերձավոր Արևելքում լրջագույն խնդիրներ են առաջացել, մասնավորապես Սիրիայի հետ կապված, և այդ խնդիրներն են այսօր ուշադրության կենտրոնում:
Հարցին, թե նման իրավիճակում ինչպիսի՞ քայլեր պետք է կատարի Հայաստանը` հրաժարվի՞ փաստաթղթերից, թե՞ սպասի Թուրքիայի բարի կամքի դրսևորմանը, Ռ. Սաֆրաստյանը պատասխանեց, որ Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորման խնդիր չկա ընդհանրապես:
«Հարաբերությունների կարգավորման գործընթացն օբյեկտիվ գործընթաց է, որը վաղ թե ուշ պետք է տեղի ունենա, և դա արտահայտում է ոչ թե Թուրքիայի բարի կամքը, այլ չար կամքը, որ փորձում է ընթացք չտալ գործընթացին, ճնշում գործադրել Հայաստանի վրա և զիջումներ կորզել: Բայց ինչպես ցույց են տալիս անցած տարիները և Հայաստանի ներկայիս դիրքորոշումը, Հայաստանը որևէ սկզբունքային զիջման չի գնա կարևոր խնդիրներում: Թուրքիան պետք է կարողանա ճիշտ գնահատել իրադրությունը. Հայաստանի վրա ճնշումներով ոչ մի բանի հասնել հնարավոր չէ»,- ընդգծեց Ռ. Սաֆրաստյանը:
Իր հերթին, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունները հայկական դիվանագիտության պատմության մեջ պատմական և ուրույն տեղ ունեն ու դրանք քննության պես մի բան հանդիսացան հայկական դիվանագիտության համար:
Նա ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանին Թուրքիայի հետ շփվելու փորձառություն հաղորդեցին, քանի որ մինչ այդ Թուրքիայի հետ Հայաստանի շփումները կրել են այլ`միջնորդավորված բնույթ:
«Առաջին անգամ էր, որ այդ մակարդակով մենք կարողացանք հաղոդակցվել թուրքական կողմի հետ և համոզվել նրա ոչ պատասխանատու լինելու մեջ»,-նշեց Ռ. Մելքոնյանը:
Նրա խոսքերով, միջազգային ասպարեզում հայ-թուրքական արձանագրությունները ծառայում են որպես Հայաստանի հասունության ցուցանիշ, ապա համոզմունք հայտնեց, որ բոլոր այն քննադատությունները, որոնք հնչում են հայ-թուրքական արձանագրությունների առումով, ավելի թույլ են, քան թե այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է Հայաստանի և Թուրքիայի նկատմամբ` վերաբերմունքի հետ կապված:
Ռ. Մելքոնյանը հավելեց, որ պետք չէ սպասել, որ մոտակա ժամանակներում հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ կկատարվեն, սակայն այդ արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտությունների կարևորագույն շրջափուլերից մեկն են: