Թուրքական մամուլ. Հայաստանի նվերը Թուրքիային
Հոկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպման մասին թուրքական մամուլը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հաղթանակով Թուրքիայի հավաքականին դուրս բերեց վտանգավոր դրությունից:
Ըստ «Ermenihaber.am» լրատվականի` թուրքերը հայերի հաղթանակը գնահատել են որպես նվեր Թուրքիային 2014թ. Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխահի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում:
Բանն այն է, որ անցումային հանդիպումների իրավունք ստանալու են խմբերում երկրորդ տեղը գրաված լավագույն արդյունք ունեցող 8 հավաքականներ, որոնք էլ պետք է վիճարկեն աշխարհի առաջնության մրցաշարի վերջին 4 ուղեգրերը: Բուլղարիայի դեմ Հայաստանի տարած հաղթանակն ամրապնդեց Թուրքիայի հավաքականի դիրքերը որպես խմբում երկրորդ տեղը զբաղեցնող և լավ ցուցանիշներ ունեցող հավակնորդ:
«Այսպիսով, շնորհիվ հայերի հաղթանակի, D խմբում ընդգրկված թուրքերն ազատվեցին անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն չունենալու վտանգից»,- գրում է «CNNTurk»-ը: