Ահմեթ Դավութօղլու. «Հայաստանի հետ մեր հարաբերությունները ներկայումս ավելի լավ են, քան 10 տարի առաջ էր»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շվեյցարական «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը և այդ կոնտեքստում հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Նա, նշելով, որ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրենց սկզբունքային ծրագիրն է, ասել է.«Մեր հարևանները մեկ-երկուսը չեն: Բացի այդ խնդիրների լուծման համար անհրաժետ է, որ մյուս կողմը նույնպես գործակցի մեզ հետ: Վերջին 10 տարում Հունաստանի և Ուկրաինայի հետ հարաբերությունները բավականին զարգացրեցինք: Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանագիր կնքեցինք: Միայն ԵՄ-ի հետ ազատականացման չկարողացանք հասնել:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում հանեցինք վիզայի ռեժիմը այն երկրների համար, ում հետ հակամարտություն ունենք: Սակայն այդ նույն ժամանակաշրջանում չկարողացանք նույնը անել մեր բարեկամ երկրների հետ: Վրաստան կարող ենք մուտք գործել անձը հաստատող փաստաթղթով: Այո, Սիրիայի հետ խնդիրներ ունենք: Իսկ Եգիպտոսի դեպքում` հեղափոխական ռեժիմը չենք կարող օրինական համարել: Խնդիրը մեր մեջ չէ, հակառակ կողմում է»:
Անդրադառնալով Թուրքիայի` Հայասատանի հետ ունեցած խնդիրներին` Դավութօղլուն ասել է, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները ներկայումս ավելի լավ են քան 10 տարի առաջ էր ու ավելացրել. «Երանի հնարավոր լինի ավելի լավացնել հարաբերությունները: Հայաստանի հետ 2009 թվականին արձանագրություններ ստորագրեցինք: Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց շարունակել Ադրբեջանում գտնվող հողերի օկուպացումը»:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաև Ժնևում Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման հայերի նախաձեռնությանը` ասելով է, որ ինքը շարունակում է այդ հարցով բանակցությունները շվեյցարացի գործընկերոջ `նախարար Բուրխալտերի հետ:
«Հույս ունեմ բանակցությունները գոհացուցիչ արդյունքներ կտան: Այս հարցում միակողմանի քայլերը Թուրքիա-Հայաստան հարաբերություններին ոչ մի օգուտ չեն բերի»,-ասել է Դավութօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա