Լոռու մարզի փաստաբանները` ընդդեմ «տոտալիտար» փոփոխությունների. հայտարարություն
Լոռու մարզում գործող 48 փաստաբաններ հայտարարություն են տարածել, որով քննադատում են փաստաբաններին վերաբերող և մեծ դժգոհություն առաջացրած կառավարության նախաձեռնությունը:
«Խստորեն քննադատում ենք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անհեռանկար և անխոհեմ նախաձեռնությունը, գտնելով, որ այն ոտնձգում է ՀՀ-ում փաստաբանության անկախությանը և մեծ հարված է հասցնելու պետության հեղինակությանն ընդհանրապես: Լիովին համամիտ ենք ՀՀ Փաստաբանների պալատի կողմից օրենքների նախագծերի վերաբերյալ արտահայտած հիմնավոր և պատճառաբանված դիրքորոշումների հետ: Մենք օրենքով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու ենք, որպեսզի այդ «տոտալիտար»փոփոխությունը կյանքի չկոչվի», -նշված է Լոռու մարզի փաստաբանական համայնքի կողմից տարածված հայտարարության մեջ:
Նշենք, որ կառավարության նախաձեռնած փոփոխություններով, նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախագծերով նախատեսվում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով: Պարզ դառնալու համար նշենք, որ ներկայումս փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը և այն էլ անվճար:
Նախորդող հրապարակում.
«Ավազակություն է». Կառավարության քայլը բարկացրել է փաստաբաններին, իսկ նախարարն արձագանքում է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին