Ս. Բաբայան. Ադրբեջանը ահաբեկչական գործողությունների է դիմում
«Եթե հնարավոր լիներ Ադրբեջանի հետ համաձայնության հասնել միջազգային հետաքննություն անցկացնելու հարցի շուրջ, ապա լավագույն լուծումներից մեկը կլիներ այն, որ սահմանագծին տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ միջազգային փորձագետների մասնակցությամբ հետաքննություն տարվեր»,- մեկնաբանելով ադրբեջանցի դիպուկահարների կողմից խաղաղ բնակիչների ուղղությամբ հաճախակի արձակվող կրակահերթերը, ասաց ռազմական փորձագետ Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի կեսօրին հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի` Ներքին Կարմիրաղբյուրի հատվածում, դիպուկահար հրացանից կրակ է բացել դաշտում աշխատող գյուղացիների, այդ թվում` «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում քաղաքացիական անձ է վիրավորվել:
Ըստ փորձագետի, ադրբեջանցի զինծառայողների գործողությունները կարելի է որակել որպես ահաբեկչություն, քանի որ խաղաղ բնակիչների դեմ իրականացվող ոտնձգություններով ադրբեջանցիները լրիվ այլ խնդիր են լուծում:
«Ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է շեշտակի պատասխան հասցնի հակառակորդին, առանց դրա այս իրավիճակում դժվար է պատկերացնել, թե ինչ ձևով կարելի է լռեցնել հակառակորդին»,- նշեց Ս. Բաբայանը:
Նախորդող հրապարակումներ`
Դ. Ջամալյան. «Մեր զինծառայողների և քաղաքացիական անձանց կյանքը վտանգող թշնամին ենթակա է ոչնչացման»
Ադրբեջանցի դիպուկահարը քաղաքացիական անձ է վիրավորել
Դիպուկահարի կրակոցից վիրավորված Քոսակյանի վիճակը բժիշկը լավ է գնահատում