ԾՆՈՒՆԴՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ. Սերնդափոխություն, ինդիգո երեխաներ, գենետիկ կոդ
«Այս ի~նչ գալիք սերունդ է մեծանում». լեռնային Ալթայի քարանձավների պատերին փորագրված այս միտքը արդիական է մինչ օրս. քարանձավաբնակ մարդուց մինչ ժամանակակից` միշտ զարմանում ենք գալիք, մեր դաստիարակած, մեզ այդքան նման ու մեզանից այդքան տարբեր սերնդի վրա:
«Ես 1970թ-ից մինչև 2003թ-ն աշխատել եմ մանկապարտեզում.սերնդափոխությունը տեղի է ունցել, կարելի է ասել, աչքիս առջև: Եթե համեմատեմ այսօրվա ու ասենք` 70 ականների երեխաներին, պիտի ասեմ, որ ունենք լիովին տարբեր սերունդներ: Այսօրվա երեխան աչքաբաց է, համարձակ, ինքնավստահ, տեղեկացված, հարուստ երևակայություն ունի, կաշկանդված չէ, պահանջատեր է...նաև ինչ-որ տեղ ագրեսիվ է: 70-ականներին շատ ավելի խեղճ էին, մինչև հարց չտայիր չէին պատասխանի, ինքնամփոփ էին: Իհարկե, բոլորը չէ, որ միանման էին, բայց մեծամասնությունն այդպես էր: Խաղաղ երեխաներ էին: Ծնողները երեխաներին այդքան երես չէին տալիս, հնարավորություն էլ չունեին...Այսօրվա երեխաներին մանկապարտեզ տանելիս, կարծես, նորաձևության ցուցադրության տանեն...այն ժամանակներում, ոչ կար, ոչ էլ այդպես հագցնում էին: Բայց պետք է ասեմ, որ միշտ էլ, մեր մայրիկներն աչքի են ընկել մաքրասիրությամբ», -մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի թիվ 202 մանկապարտեզի նախկին դաստիարակչուհի ընկեր Վարդիթերը (Վարդիթեր Իսկանդարյան):
1959թ. լուսանկարված այս փոքրիկը՝ Արմինե Նալբանդյանը,
ապագայում դարձավ դերասանուհի
1964 թվկանին ծնված այս հրաշքը դարձավ քիմիկոս.
Բոյախչյան Նունե. Երևան
50-ականներին այ այսպիսի բալիկ էր քայլում Երևանի փողոցներում իր մայրիկի հետ
50-ականների վերջում Ռուսաց լեզվի գրքով լուսանկարված այս փոքրիկները
բացարձակապես կապ չունեն ոչ Մաքսային Միության, ոչ էլ՝օտարալեզու դպրոցների
նախապատմության հետ
Կարինե և Արփինե Պողոսյաններ
Սուսաննա և Արփինե Պողոսյաններ
Լուսանկարում 1952թ. ծնված Անահիտ Քալանթարյանն է.
նա այսօր բազմազավակ մայր է, տատիկ
1960 թ. Երևան. Լևոն և Ալեքսանդր Հարությունյանները՝ քույրիկի՝ Սոֆյայի հետ
եղբայրները հետագայում դարձան գործարարներ, քույրը՝ բժշկուհի
հիրավի` chanel-baby
60-ականներ
Ոչ, նա «Ալյոնուշկա» կոնֆետի վրա պատկերված աղջնակը չէ. նա փոքրիկ հայ բալիկ Նունեն է
1965թ. Երևան
Հին օրերի «Լեգոն»
1960 թիվ. Մանկապարտեզ երևանում
Ընտանեկան լուսանկար. Հարությունյաններ
Ընտանեկան լուսանկար. Բոյախչյաններ
Ընտանեկան լուսանկար. սև ժապավենով բալիկը, որքան էլ որ զարմանալի է, տղա է. այն էլ ինչ
տղա` ազատամարտիկ է ու ռեժիսոր
Այս փոքրիկ աղջնակն այսօր ֆինանսիստ է և աշխատում է բավականին լուրջ կառույցում
1974թ. լուսանկարի հետևում գրված էր՝ «Մայրիկի սիրուն Լուսինեն»
70-ականների հիթը. նավաստի բալիկներ
7 քույրերի միակ եղբայր Վարուժանի մազերը երկար ժամանկ չէին կտրում՝
երազում տեսած սրբին տված խոստման պատճառով
Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ապագա մասնագետ Արտակը` նավաստու հագուստով
Նավաստու համազգեստով նկարվում էին նաև աղջիկները. խմբագիր Արմինե Մինասյան
70-ականների «Մտածողը». Բոյախչյան Վահան
ապագա քիմիկոսը
50-ականներ. Ռուզաննա և Մարինա Յալամովաներ: Ռուզաննան այսօր
Յալամովա-Սաթյան է գրվում և Բրյուսովի ինստիտուտի սիրված ու վաստակավոր դասախոսներից է:
Մարինան բիո-քիմիկ է.ապրում է Բոստոնում
Նա այսօր հայտնի դիզայներ Մուշո Գարուկյանն է
Ապագայում Ջութակահարուհի Մանան Գարուկյանը եղբոր և մայրիկի հետ
70-ականների երեխաների ամենասիրելի վայրերից մեկի՝ «Մանկական երկաթուղու» տնօրենը
մշտական այցելուի հետ
Ընկեր Վարդիթերն ասում է, որ մեկ առ մեկ հիշում ու կարոտում է իր բոլոր սաներին: Ասում է նաև, որ դաստիարակ ուղղակի չեն աշխատում` պիտի սիրել գործը, այսինքն` երեխաներին: Աստված մի արասցե, որ մանկապարտեզում աշխատի մեկը, ով չի սիրում իր գործը` «կունենանք խեղված երեխաներ. գիտե՞ք, ինչ կարևոր տարիք է, ինչ մեծ ազդեցություն ունի մարդու ձևավորման մեջ: Պիտի սիրես բոլորին ու առանձին-առանձին. պիտի ճանաչես, մոտեցում ցուցաբերես. ամեն երեխա յուրահատուկ է. մեկին պիտի խրախուսես, մյուսի հետ պիտի գործընկեր լինես, էն մյուսին ընկերասիրություն սովորեցնես, մյուսին փորձես կտրել ընտանեկան հոգսերից...
Մի անգամ` 80-ականների բան եմ պատմում. երեխաներին ցույց եմ տալիս շնիկ և փորձում ծանոթացնել, ասել ինչ ունի, ինչ է անում...մի երեխա անընդհատ ձեռք է բարձրացնում` «Ընկեր Վարդիթեր, ես ասե՞մ», ասում եմ ` հետո, երեխան թե չէ` շտապ է..դե, ասում եմ, լսում ենք Գագիկ ջան...այն ինչ լսեցինք, երբեք չեմ մոռանա: Գագիկս նայեց դեմքիս և ողջ խմբի մոտ ասաց` «Երեկ պապաս խմած եկել էր, մամայիս էնքան էր ծեծել, էս շան օն էր ընկել»: Սիրտս լցվեց, չիմացա ինչ ասեմ...հասկացա երեխան օգնության կարիք ունի. ինչքան է կուտակվել այդ նեգատիվը նրա մեջ, որ ծեծի տեսարանը տեսնում է շրջապատի մեջ ամեն ինչում...էհ~»:
Երբ անզգուշությամբ տիկին Վարդիթերին հարց ուղղեցի դժվար երեխաների մասին, մի քիչ նեղացավ. «Դժվար երեխաներ չկան. կան բարդ, դժվար ու անհավես մեծեր. ամեն երեխա էլ գիրք է. ուղղակի պիտի փորձել կարդալ, իսկ լեզուն ՍԵՐՆ է»:
«13 տարի է չեմ աշխատում, բայց չեմ կարողանում կտրվել այդ աշխարհից...ամեն անգամ, աշխատանքի տանող ճանապարհով անցնելիս, ինձ թվում է` դեռ աշխատում եմ, հեսա կգնամ, կանցնեմ գործի...ինչքան-ինչքան հուշեր է արթնացնում մեջս այդ ճամփան»-զրույցն այսպես եզրափակեց ընկեր Վարդիթերը:
Լուսանկարում պատկերված աղջիկը հետո պիտի դառնար լրագրող, իրավական թեմաներով
ապահովեր մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը
Նա նեղացել է, որովհետև իր ցանկալի ձևով ու նախընտրած
տինիկով չեն նկարել. այս աջնակը նույնպես լրագրող դարձավ՝
տնտեսական թեմաներով
Այս նկարի անունը «Էվրիկա» է. բանն այն է, որ 3 տարի մի սենյակում միասին աշխատած
Հասմիկ Համբարձումյանն ու Հասմիկ Հակոբյանը, միայն նախագծի շրջանակում
բերելով լուսանկարը խմբագրություն, հասկացան, որ նույն մանկապարտեզի նույն խմբից են եղել
Ուշադիր նայեք ապագա երաժիշտի մատներին. Արեգ Մուրադյանը ջութակահար դարձավ
«Կոստյումն է, որ պիտի գեղեցկացնի քեզ» նոմինացիայի հաղթող այս փոքրիկն այժմ
արևելագետ, Թուրքիայի հարցերով փորձագետ Մխիթար Նազարյանն է
Անմեղ դեմքով այս աղջկան այսօր ճանաչում են ոչ միայն Հայաստանում, այլ հարևան
Ադրբեջանում. այսօր արդեն նա քաղաքական գիտությունների թեկնածու է, ադրբեջանական
հարցերով փորձագետ
Այս լուսնկարի ձախ հատվածում նախագծի հեղինակն է՝ քույրիկի հետ, ով իրավաբան է,
ու արդեն 10 տարուց ավել աշխատանքային փորձ ունի դատական համակարգում
Լուսանկարում դերասան Գարիկ Սեպխանյանն է` եղբայրների հետ: Երևանցիները սիրում են
հատկապես նրա կերտած անկաշառ ոստիկանի դերը ` «Երե1» սերիալում
Լուսանկարի տղան այսօր Հայաստանի Ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն է.
80-ականներին նա մասնակցել է «Ալմաստ» օպերայի նկարահանումներին
Այս լուսանկարի փոքրիկն արդեն երկար տարիներ թարգմանչական գործին տիրապետող
Եվա Շահվերդյանն է
Արցախցի մանուկ Անուշ Համզոյան. 80-ականներ
80-ականների Արցախ. ապագա լեզվաբան Անուշը՝ իր պապիկի հետ
Առանց նրա համակարգումների դժվար է պատկերացնել Panorama.am-ի առօրյան.
լուսանկարում լրագրող Լալա Տեր-Ղազարյանն է, ում Տափերական գյուղի իրենց դպրոցի
հանդեսների ժամանակ միշտ վստահվել է ձյունանուշի դերը
Այս բալիկն այսօր հիշում է, որ բոլոր հանդեսների ժամանակ նա տատիկի դեր է խաղացել
Այս փոքրիկն այսօր մանկաբարձուհի Նարինե Սանթուրյանն է
Քրիստինե Չիլինգարյանը մեծացավ և դարձավ մշտազբաղ հաշվապահ
Կարեն Թևանյանը հասարակական գործունեություն է ծավալում «Միասին» երիտասարդական
շարժման կազմում և բավականին հաջողված ատամնաբույժ է
Նա այսօր ՌԴ-ում է. ժողովրդական լեզվով ասած՝ խոպանում
Վահան Թևանյան 1989թ.
Նելլի Ավետիսյանն այսօր սպասարկման ոլորտում է աշխատում
Հեռախոս սիրել են բոլոր երեխաները ու բոլոր ժամանակներում
Լիանա և Նելլի Ավետիսյանները՝ ամառային արձակուրդների ժամանակ
Լուսանկարում կրկին Նարեկ Մալյանն է՝ քույրիկի հետ
80-ականների Երևան. գազանանոց
«Այսօր բազմազավակ ընտանիքները շատ քիչ թիվ են կազմում. մարդիկ ունենում են մեկ երեխա, փորձում ինչ հնարավոր է տան նրան, ֆետիշացնում են...արդյունքում ունենում ենք չափից դուրս սիրված, երես առած, եսակենտրոն բայց և` զարգացած, ինքնավստահ, ամեն ինչ տեսած, ամեն ինչ լսած երեխաներ: Այսօրվա երեխային դժվար է զարմացնել: Ավելի զարգացած, այսպես կոչված ինդիգո երեխաներ, իհարկե, ոչ միայն այդ պատճառով են իհայտ եկել, այլ ժամանակն է նպաստել, բայցևայնպես` ընտանեկան կարգավիճակն էլ է մեծ դեր ունեցել. սա իմ անձնական կարծիքին է` հենված չէ ոչ մի ուսումնասիրության վրա բացի` իմ 40 տարվա աշխատանքի ընթացում տեսածի համեմատության»,-մեզ հետ զրույցում նշեց Երևանի մանկապարտեզներից մեկում 1975թվականից դաստիարակ աշխատող ընկեր Կարինեն ( Կարինե Պողոսյան):
Ընկեր Կարինեն ասում է, թե հիշում է իր բոլոր սաներին. ամեն մեկի հետ կապված մի պատմություն կարող է պատմել, բայց մեզ հետ կիսվեց այս 3-ով.
***
«70-ականների վերջերն էր`դեռ նոր-նոր էի աշխատում, մի խումբ ունեի, որում մի տղա մշտապես իր ուշադրության կենտրոնում էր պահում աղջիկներից մեկին. 3 տարեկան էին: Ամեն անգամ քնելու ժամին պառկացնում էի երեխաներին, հետո մտնում սենյակ` տեսնում տղան քնած է այդ աղջկա մահճակալում: Բարկացա և աղջկան տեղափոխեցի սենյակի մյուս ծայրը: Որքան եղավ զարմանքս, երբ հաջորդ օրը աղջկա մայրն եկավ և ասաց` խնդրում եմ, թողեք իր մահճակալում քնի, նեղացել է, էլ չի ուզում գալ մանկապարտեզ: Երեխաների հետ խոսեցի, պայմանավորվեցինք, որ կքնեն իրենց հին տեղերում, եթե այլևս չհայտնվեն մի անկողնում: Ես էլ եղա իմ խոսքի տերը, նրանք էլ»:
***
«90-ականների մութ ու ցուրտ տարիներն էին, երբ ազգովի «Պռոստը Մարիա» սերիալն էինք նայում: Մի անգամ քնի ժամին ես ու մյուս դաստիարակը կողքի սենյակում զրուցում ենք սերիալից.
-Բա, գիտես Մարիան հղի է:
-Վայ, ինչ ես ասում, բա հիմա ոնց կլինի:
Քնից արթնացած մի երեխա, որ ականջ էր դրել մեզ, ասաց. «Մի մտածի, ընկեր Կարինե, իրա սիրած մարդուց է»»:
***
«2000-ականներն էին. իմ խումբ բերեցին մի 3 տարեկան երեխայի` Սամվելիկին, ով ոչ խոսում էր, ոչ լսում: Նրա հանդեպ, բնականաբար, առավել ուշադիր էի: Չնայած ունենք հատուկ մասնագետ, որ զբաղվում էր նրա հետ, բայց ես էլ էի աշխատում հետը և նկատեցի, որ երեխան լսում է ինձ, արձագանքում: Այդօրվանից ջանք ու եռանդ չէի խնայում, որ նա բառեր ասի: Ու մի օր էլ սկսեց ինձ հետ կրկնել բոլոր այն բառերը, որ խնդրում էի նրան ասել: Երբ ծնողներին հայտնեցի, չհավատեցին, թե` «մեր երեխան ի ծնե է այդպես, նա իր տատիկ-պապիկի պես խուլ ու համր է»: Խնդրեցի երեխային ծնողների ներկայությամբ խոսել, բառ չասաց: Հաջորդ օրը ինձ հետ նորից խոսեց, երեխաների հետ խաղի մեջ անգամ նախադասություններ էր ասում: Համոզեցի, որ առաջիկա հանդեսն ինքը վարի ու ծնողներին հրավիրեցի, այնպես նստեցրի, որ երեխան չտեսնի. չեք պատկերացնում ինչ էր կատարվում, երբ նրանք տեսան իրենց երեխային վարժ խոսելիս, ասմունքելիս: Ձայնով լալիս էին: Հետո տատիկից ու պապիկից շնորհակալական նամակ ստացա. պահել եմ մինչ օրս:
Պարզվեց ծնողներն աշխատում են ու երեխային այդ ընթացքում պահում են տատիկն ու պապիկը, ովքեր խուլ ու համր են. Սամվելիկն էլ, տեսնելով, թե ինչպես են միմյանց հետ, իր ծնողների հետ շփվում տատն ու պապը, սովորել ու արտահայտվում էր միայն այդպես: Նա այսօր արդեն 7-րդ դասարանում է և սովորում է գերազանց առաջադիմությամբ»:
Ընկեր Կարինեն ասում է, թե չի կարող գնահատել երեխաների կյանքում ու վարքում այդքան ակնհայտ փոփոխությունները դրակա՞ն են, թե բացասական. միայն նշում է, որ բնական չէր լինի, եթե ժամանակի հետ այլ զարգացածությամբ երեխաներ չծնվեին:
«Հիմա անգամ երեխաների գաղտունն է շուտ փակվում...բարուր էլ չեն անում. իսկ 70-ականների երեխաները մի տեսակ իսկական երեխա էին` միամիտ, աշխարհից անտեղյակ. մենք էինք աշխարհը բացահայտում նրանց համար. այսօր շատ բան նրանցից ենք սովորում. օրինակ հեռուստացույցի վահանակից օգտվելուց կամ ասենք skype-ով որդուս զանգահարելու համար դիմում եմ 4 տարեկան թոռնիկիս»,-ժպիտով նշում է տիկին Կարինեն:
Նա շատ է հպարտանում իր սաներով, ասում է` «իմ մեծացրած երեխաները այսօր լավ մարդիկ են դարձել, լավ ընտանիքներ ունեն, լավ մասնագիտություններ ունեն...կան, որ այսօր արտերկրում են փոձում կայանալ` իրենց ոլորտներում, բժշկություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավաբանություն, նկարչություն, կան, որ էստեղ են...առաջիններին շատ եմ կարոտում. սեփական որդիներիս պես»:
Մի ամբողջ կյանք մանկապարտեզում աշխատած մանկավարժը ծողներին խորհուրդ է տալիս սահմանափակել երեխաների՝ հեռուստացույցի և համակարգչի մոտ անցակացրած ժամերը. ասում է` դա ազդում և ֆիզիկապես և հոգեպես: Նա նաև կոչ է անում ծնողներին արգելել երեխաներին դիտել ոչ մանկական սերիալներ.
«Ես երեխային սովորեցնում եմ գրական խոսք, բարեկիրթ վարվելաձև, իսկ նա ինչ այնտեղ տեսնում ու լսում է, գալիս այստեղ կրկնում է...Այսօրվա երեխայի հոգեբանության վրա ազդելու շատ մեխանիզմներ կան. այս սերունդը տեղեկացվածության գերհագեցածության պատճառով վտանգի տակ է , կարծում եմ. այս սերնդի ծնողների գլխավոր խնդիրը զտիչի դեր կատարելն է. որ երեխան վերցնի այն, ինչ նրա նորմալ զարգացման համար պետք է ` խելամիտ չափերի մեջ»:
վառ հուշեր` մութ ու ցուրտ 90-ականներից
Կազմ, պատրաստ, վստահ դեմքով առաջին դասարան
գնալ է պատրաստվում Արևիկ Բադալյանը
Նոր կյանքի շեմին. 90-ակաների առաջին դասարանցիներ
Ընդհանրապես Երևանում շատ ընդունված էր, որ
անկախ երեխայի երաժշտական կարողություններից`
նա պիտի հաճախեր երաժշտական դպրոց
ՍԵՐՈՒՆԴ
Սերունդը նույն ժամանակահատվածում դաստիարակված նույն արժեհամակարգն ունեցող մարդկանց խումբ է: Այն պարզապես հասակակիցների խումբ չէ, այլ միանման մտածելակերպ, գիտելիքների պաշար և բարոյական սկզբունքներ ունեցող հանրույթ: Այլ կերպ ասած ` այսօրվա նույն տարիքի երեխաները նմանատիպ իրավիճակներում նախորդ ու գալիք սերունդներից տարբերվող վարք են դրսևորում: Նախորդ դարի 90-ականների սկզբում ազգագրագետ Նելի Հոուֆը և պատմաբան Ուիլիամ Շտրաուսը իրարից անջատ ուսումնասիրել են սերունդների թեորիան և մի շարք հետաքրքիր եզրահանգումների շարքում ընդգծել նաև հետևյալը. մարդու վարքը կախված է նրանից, թե ինչ պայմաններում է ապրել ու դաստիարակվել մինչև 12-14 տարեկանը:
Սերունդ հասկացության, մեր սերնդի երեխաների խնդիրների, նրանց նորմալ զարգացմանը խոչընդոտող վտանգների մասին զրուցեցինք նաև հոգեբանների հետ:
ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ, Sand Land մանկական զարգացման և արտ-թերապիայի կենտրոնի հոգեբան Կարինե Հարությունյանը այնքան էլ համամիտ չէ Հոուֆի և Շտրաուսի հետ. նա կարևորում է նաև միջավայրը, որտեղ զարգանում է տվյալ սերունդը.
«Կարևոր է հաշվի առնել նաև մշակութային առանձնահատկությունները, որոնց ազդեցությամբ զարգանում է տվյալ սերունդը: Օրինակ, ուսումնասիրելով ազգությամբ հայ, ռուս, ամերիկացի և եվրոպացի երեխաներին, կտեսնենք, որ նրանք լիովին տարբեր են, թեև սերնդակից են: Նման տարբերության ակնհայտ օրինակ է ցուցադրված «Մայրիկ» ֆիլմի դրվագներից մեկում, երբ գլխավոր հերոսը ի տարբերություն ծննդյան տոնախմբությանը հրավիրված ֆրանսիացի երեխաների, անմիջապես չի վերցնում սեղանին դրված քաղցրավենիքը, այլ սպասում է հյուրասիրվելու բազմակի առաջարկներին: 60-ականների հայ երեխաների վարքը ամենայն հավանականությամբ տարբերվում է այսօրվա մանուկների վարքից: Հաշվի առնելով խորհրդային միության կանոնակարգն ու արժեհամակարգը, ինչպես նաև այն մասնագետների կարծիքը, որոնք առիթ են ունեցել առնչվելու այդ երկու սերունդների հետ, կարող ենք ասել, որ ժամանակակից աշխարհում մեծացող և դաստիարակվող երեխաներն ավելի անկաշկանդ են և ազատամիտ, զարգացման ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան իրենց նախորդ սերունդները: Մեր մշակութային արժեքների կազմափոխման մեջ շատ մեծ դեր է խաղացել Հայաստանի ապախորհրդայնացումը, երբ բարձրացվեց երկաթյա վարագույրը և քանդվեցին արհեստականորեն ստեղծված սահմանները` մասնավորապես արևմուտքի հետ:
Ինչպես տեղի է ունենում երեխայի զարգացումը, երբ քայլ առ քայլ ճանաչելով աշխարհը, երեխան աստիճանաբար գտնում է իր տեղն ու դերը այս կյանքում, այնպես էլ անկախացած Հայաստանի նոր սերունդները գտնվում են փնտրտուքների և ինքնորոշման փուլում: Այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս: Որքան էլ որ այն քաոսային է թվում և հաճախ քննադատության արժանանում ավագ սերնդի կողմից, որոնք երբեմն ասում են, թե ագրեսիվ են այս երեխաները միևնույն է`սա կարևոր փուլ է սերունդների կայացման գործընթացում. եթե անգամ այս ցայտնոտը, փնտրտուքը բացասական որակվի, ես չեմ կարող ասել թե դա վատ է. ընդհանրապես` ես միշտ ասում եմ, բացասականը միշտ չէ, որ վատ է. դա պիտի լինի հետագայում նոր արժեհամակարգեր ձևավորելու, հետևություններ անելու համար: Ագրեսիան էլ վատ բան չէ. հետագայում դա վերափոխվում է ինքնապաշտպանության»,-կարծիք է հայտնում հոգեբանը:
Բանախոսը չի կիսում նաև տարածված այն կարծիքը, որ լարված կամ ջղային երեխա ունեցողները պետք է ընտանի կենդանի պահեն, որպեսզի երեխաները նրանց հետ շփումից փոխվեն. «Պետք չէ սպասել, որ իր մեջ լարվածություն , ջղայնություն ունեցող բալիկը կփոխվի կենդանու հետ շփումից. աստված մի արասցե, բայց նրանց միայնակ թողնելով, նա անգամ կարող է վնաս տալ շնիկին կամ փիսիկին»:
Հոգեբանը նշում է. «Փոխվել է ոչ միայն սերունդների վարքը, այլև նկատվում են որոշակի ֆիզիոլոգիական փոփոխություններ. մի շարք առանձնահատկություններ հիմա ավելի շուտ են արտահայտվում, քան առաջ. օրինակ, մի շարք ռեֆլեքսների, հմտությունների, անգամ, սեռական զարգացման արտահայտման տարիքային շեմը նվազել է»:
Հոգեբանը նշում է, որ այսօր արագ է զարգանում նաև երեխայի «ԵՍ»-ը: Համարվում է, որ մինչև 3 տարեկան երեխան իր մասին խոսում է 3-րդ դեմքով, մինչդեռ ժամանակակից երեխաները ավելի շուտ են գիտակցում իրենց ԵՍ-ը և ավելի վաղ են սկսում խոսել առաջին դեմքով: 2 տարեկան բալիկն, օրինակ, իր մասին խոսելիս էլ չի ասում ` «Լիլիթիկը ուտի, Լիլիթիկը քնի». այլ` «ես ուտեմ, ես քնեմ»»:
Հարցին, թե ինչ խնդիրներով են հիմնականում այսօր դիմում հոգեբանների աջակցությանը, նա ասաց. <Հհիմնականում դիմում են վարքաբանական խնդիրների, վախերի, շփման և փոխհարաբերությունների դժվարությունների, կոնֆլիկտայնության և ագրեսիվություն հայցերով: Լայն տարածում է գտել երեխայի ուշադրության ցրվածության խնդիրը, մասնավորապես, կրտսեր դպրոցականների շրջանում, որն իրականում ավելի վաղ զարգացման հիմք ունի, քան թվում է առաջին հայացքից: Եթե ուշադրության կայունությունը (կենցաղում հաճախ ճանաչվող որպես անուշադրություն) ֆիզիոլոգիական հիմք ունեցող ախտանիշ չէ, ապա պատճառ կարող է հանդիսանալ ծնողների անհետևողականությունը, երբ երեխան ապահովվում է տարատեսակ խաղալիքներով` ի նշան սիրո և հոգատարության. արդյունքում առաջանում է կոմնորոշման և ընտրության դժվարություն, երեխան չի կարողանում կենտրոնացնել ուշադրությունը, ընտրել խաղալիքներից որևէ մեկը կամ մի քանիսը :
«Հարկ է նշել, որ ներկա սերնդի հիմնական խնդիրներից մեկը երեխաների կախվածությունն է տեխնիկայից,-ասում է հոգեբանն ու միաժամանակ հավելում,- սակայն, առանց տեխնիկայի այսօր հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյան: Կան դպրոցներ, որտեղ հենց առաջին դասարանից ինֆորմատիկա են անցնում, ի՞նչ հոգեվիճակում կհայտնվի այն երեխան, ում բոլոր դասընկերները տիրապետեն տեխնիկային, իսկ նա կյանքում առաջին անգամ առնչվի համակարգչի հետ: Պարզապես պետք է հետևողական լինել, որ երեխան ճիշտ նպատակներով և ճիշտ ժամաքանակով օգտագործի տեղեկատվական տեխնոլոգիաները»:
Նա կարծիք է հայտնում, որ նպատակահարմար չէ երեխային զբաղեցնելու, նրան որոշ ժամանակով անուշադրության մատնելու, նրանից գլուխն ազատելու համար տրամադրել համակարգիչ կամ նստեցնել հեռուստացույցի առջև` միացնելով մուլտֆիլմեր, խաղեր կամ ֆիլմեր, որոնց ծնողն անծանոթ է. «Ներկայում նկարահանվում են ահասարսուռ մուլտֆիլմեր` հատկապես 3D ձևաչափով, որի պատկերները անգամ միայն իրենց չափերով և տպավորիչ գույներով կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի հոգեկանի վրա: Ցանկալի է, որ մինչև 7 տարեկան երեխաների մուլտֆիլմերը ծնողները ուշադիր ընտրեն»:
Կարինե Հարությունյանն ասում է, որ իրեն դիմած բոլոր ծնողներին նա մի խորհուրդ է տալիս` մի փորձեք լինել լավ ծնողներ, պարզապես սիրեք Ձեր երեխային՝ ապահովելով անմիջական, ջերմ և կայուն միջավայր նրանց զարգացման համար:
ԷՈՍ հոգեբանության զարգացման հիմնադրամի հոգեբան Արփի Հակոբյանը ասում է. «Այո, այս սերունդը շատ է տարբերվում նախորդներից. այսօր ծնվում են մեծ պոտենցիալով, խելացի երեխաներ, որոնց շատ բաներ պետք էլ չէ բացատրել. այդ պատճառով էլ 21-րդ դարի երեխաներին անվանում են նաև պրոգրեսիվ սերնդի ներկայացուցիչներ: Այս սերնդի մեջ մեծ թիվ են կազմում նաև ինդիգո երեխաները»:
Ինդիգո-երեխաներ տերմինն առաջին անգամ 1978 օգտագործել է ամերիկացի էքստրասենս Նենսի Էն Տեպպը: Նրա կարծիքով այս երեխաների էներգետիկ դաշտը` աուրան ինդիգոյի գույն ունի: Ըստ նրա տվյալների` առաջին սերնդնի ինդիգո-երեխաներն այժմ 27 տարեկան են:Մինչ օրս բավարար ուսումնասիրված չէ ինդիգո երևույթը, և գոյություն չունի այնպիսի մի սահմանում, որն ամբողջովին կբնութագրի ինդիգո երեխաներին: Ինդիգո երեխան ունի ստեղծագործելու մեծ պոտենցիալ, նրա մոտ բարձր է հետաքրքրությունը տարբեր գիտությունների նկատմամբ: Նա շարժուն է, աշխույժ, ունի ուշադրության պակաս: Այսպիսի երեխայի մոտ նկատվում են տրամադրության և վարքի կտրուկ փոփոխություններ՝ կապված զգայուն լինելու հետ: Ինդիգո երեխան ունի դեպրեսիաների նկատմամբ հակում, սոցիալական արդարության և պատասխանատվության բարձր զգացում: Նման երեխան չի ընդունում դաստիարակության տրադիցիոն մեթոդները, նա ունի զարգացած կանխազգացում, վտանգի զգացում: Երեխայի մոտ կա համակարգչային տեխնոլոգիաների արագ յուրացման ընդունակություն: Հոգեբանները նշում են, որ ինդիգո երեխաների կյանքում հաջողության աղբյուր է նրանց նկատմամբ վստահությունը: Ճիշտ դաստիարակության նպատակը երեխային կյանք մտցնելն է:
Որպես երեխաների համար թիվ մեկ խնդիր` մեր նախագծի նաև այս հոգեբանը առանձնացրեց երեխաների կապվածությունը տեխնիկային. համակարգիչներ, ipad-ներ, ipod-ներ, iphone-ներ, սմարթֆոններ և այլն, որոնք, նրա կարծիքով, ստեղծված են երեխայի հոգեբանությանն համապատասխան` «մատիկով սեղմում ես, մտնում քո ուզած տեղը, սեղմում քո ուզած նկարի վրա, նայում նախընտրածդ մուլտը. ամեն ինչ պարզ է, հասանելի, ձեռքի տակ»:
«Ես չեմ ասում, թե իսպառ արգելեն երեխային առնչվել ժամանակակից տեխնիկայի հետ, բայց պետք է խիստ լինել, հետևել, որ նա երկար ժամանակ չհատկացնի դրան: Ժամերով չնստի համակարգչի կամ հեռուստացույցի առջև: Պետք է հետևել նաև , թե ինչով է նա այդտեղ զբաղված, բայց եթե անգամ ամենաանվնաս ու բարի բանն է նայում, նույնպես պիտի ժամային սահմանափակում դնել: Մինչև 12 տարեկան երեխան իր մեջ ունի շատ էներգիա և դա պետք է ծախսի, բաշխի հավասարաչափ. եթե ժամերով նստի էկրանի առաջ` համ կհոգնի , համ իր մեջ կուտակված էներգիան չի ծախսի. արդյունքում կդրսևորվի ագրեսիվ վարք. ահա թե ինչու են այսօր երբեմն ասում` ժամանակակից երեխաները ագրեսիվ են»:
Հոգեբան Հակոբյանն առհասարակ վստահեցնում է, որ ադեկվատ սահմանափակումները անհրաժեշտություն են յուրաքանչյուր երեխայի համար. «Երեխան պետք է դեռ մանկուց հասկանա, որ կան չափեր, սահմաններ, որ սխալ կամ վատ արարքը իրեն կարող է զրկել որոշակի բաներից: Բայց ամեն բան պետք է իր բացատրությունն ունենա ու երեխան վստահ լինի, որ եթե անգամ ինչ-որ սահմանափակումներ են իր առջև դրվում, ապա դա շատ արդարացի է: Օրինակ բացատրեն, որ համակարգչի առջև երկար նստելը վնասակար է քո առողջությանը, բայց դու կարող ես կարճ ժամանակով` 20 րոպեով ասենք, զբաղվել դրանով, եթե կերել ես ճաշիկդ կամ արել ես դասերդ: Հավատացեք, այդ պայմանավորվածություններին սովոր ոչ մի երեխա «կապրիզներ» չի անի» ու չի զարմանա, որ ինքն օրն ի բուն չի օգտվում դրանից: Շատ կարևոր է նաև, որ ծնողը երեխայի համար լինի հեղինակություն, որը բարի է, արդար, պատասխանատու, միշտ իր խոսքի տերը: Եթե երեխան խախտում է պայմանավորվածությունը կամ չարաճճիություն է անում, պետք չէ նրա վրա բղավել, վիրավորել բառերով կամ ծեծել. պետք է պարզապես զրկել նրան որևէ բանից. ասել` այսօր չես խաղա այս խաղալիքով, բակ դուրս չես գա, համակարգչից չես օգտվի և այլն»:
Մասնագետը կտրականապես դեմ է քմահաճ երեխայի մանիպուլյացիաներին ենթարկվելու մտքին. «Քանի գնա այդ երեխայի հետ անհնար կդառնա. պետք է պարզել, հասկանալ, ինչու է երեխան իրեն այդպես պահում, բայց երբեք չտրվել նրա քմահաճույքներին. նրանց հետ պետք է խիստ լինել, բայց ոչ կոպիտ»:
Ծնողներին վերաբերող չի կարելիների շարքում է նաև`երեխայի ներկայությամբ ամուսիններով վիճելը (նա պռոեկտում է իր վրա, մտածում` իր պատճառով են վիճում, իրեն չեն սիրում), երեխային ուրիշների ներկայությամբ ամոթանք տալը, նրա վրա բղավելը, վիրավորելը, համեմատելը այլ երեխայի հետ (ասելով նա քեզանից լավն է, խելոք է) կամ ցանկացած այլ ձևով պատժելը:
Ի տարբերություն մեր նախագծի մյուս հոգեբանի, Արփի Հակոբյանը գտնում է, որ ընտանի կենդանի պահելը շատ լավ է ազդում երեխայի հոգեբանության վրա, բայց վերապահումով հավելում է. «2 տարեկան երեխային չես տա շուն ու ասես` պահի, բայց կարելի է, օրինակ, ձկնիկներ նվիրել նրան ու ցույց տալ ինչպես հոգ տանել, միշտ միասին կերակրել, որ երեխան սովորի հոգատարության, պատասխանատվության ու սիրո` շրջակա միջավայրի հանդեպ»: Ընտանի կենդանի պահել պատրաստվող երեխաների ծնողներին նաև խորհուրդ է տրվում բացատրել բալիկին, որ նա հնարավոր է տեսնի այդ կենդանու մահը, որովհետև հետագայում շատ կապվելով, ահավոր սթրեսների են ենթարկվում երեխաները:
Վերջում հոգեբանը նաև շատ կարևոր դիտարկում է անում. «Իմ պրակտիկայում նկատել եմ` ծնողները փորձում են անընդհատ դաստիարակել երեխային` սա լավ է, սա վատ է, այսպես քայլի, այսպես նստի...., բայց այդ արանքում կարող է կորել շատ նուրբ մի բան, կարող են չնկատվել երեխայի անհատականությունը, ընդունակություները, ցանկությունները...Ծնողները փորձում են միջավայրի համար կրթել նորմալ, դաաստիարակված երեխա, բայց զգույշ չլինելու դեպքում կարող են մերժել երեխայի բնույթը. իսկ դա ամենակարևորն է: Թույլ տվեք և օգնեք, որպեսզի բացահայտվեն ձեր երեխայի ցանկությունները, ընդունակությունները, որպեսզի նա դառնա կրթված, բավարարաված, լիարժեք ու վառ անհատականություն»:
Գենետիկ կոդ`
այլ կերպ ասած` կենդանի օրգանիզմներին հատուկ նուկլեինաթթուների մոլեկուլներում նուկլեոտիդների հաջորդականության տեսքով ժառանգական ինֆորմացիայի միասնական համակարգ. ավելի մատչելի` լուսանկարներում:
մայր և աղջիկ. մայրը` աջ հատվածում
հայր և որդի. հայրը աջ հատվածում
հայր և որդի. հայրը ձախ հատվածում
մայր և որդի. մայրը` աջ հատվածում
մորաքույր և զարմուհի. մորաքույրը` ձախ հատվածում
մայր և աղջիկ. մայրը` ձախ հատվածում
մայր և աղջիկ. մայրը` ձախ հատվածում
հայր ու աղջիկ
հայր և որդի. հայրը` աջ հատվածում
քեռի և զարմիկ. քեռին` ձախ հատվածում
մորաքույր և զարմուհի. մորաքույրը` ձախ հատվածում
մայր ու դուստր. մայրը` ձախ հատվածում
տատիկ և թոռնիկ. տատիկը` աջ հատվածում
մայր ու աղջիկ. մայրը` ձախ հատվածում
Հ.Գ.Այս նախագծերի ընթացքում կատարված տարբեր բացահայտումներից ցանականում եմ կիսվել մեկով. լուսանկարը, որ մարդիկ մի քանի ժամով պետք է տրամադրեին ինձ, վերջին պահին այնպես ամուր էին սեղմում ձեռքներում` կարծես չէին ցանկանում բաժանվել: Հետո խնդրում էին ուշադիր լինել, չկորցնել ու մի տեսակ կարոտով էին նայում արդեն ձեռքումս հայտնված լուսանկարին: Մարդիկ նայում էին իրենց տարբեր տարիքներում ու հիանում իրենք իրենցով, ասում «ախ, հետ գային այս օրերը, տես ինչ լավն եմ եղել, ինչ սիրուն եմ անգամ լացելիս»...Վայելեք կյանքն ու երիտասարդությունը քանի կարող եք: Մինչ կյանքը Ձեզ դուր չի գալիս, այն անցնում է: 20 տարի հետո, Դուք էլ կնայեք Ձեր այսօրվա նկարներին մի զգացումով, որն այսօր Ձեզ հասու չէ. կմտածեք` ինչքա~ն հնարավորություններ են Ձեր առջև բաց եղել ու ինչ հեքիաթային տեսք եք ունեցել: Panorama.am -ը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսվեցին լուսանկարներով՝ իրենց անձնական արխիվներից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան