Իրանը «5+1» խմբի հետ բանակցություններին ընդառաջ. Ուրանի հարստացումը նույնիսկ մի օրով չի դադարեցվի
«Իրանը ուրանի հարստացման աշխատանքները նույնիսկ մի օրով չի դադարեցնի»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Ինչպես հայտնի է, միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա վաղը Ժնևում:
Այդ առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանի պետական հեռուստատասության երկրորդ ալիքին տված հարցազրույցում նշել է, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ժնևում կայանալիք բանակցությունների ընթացքում «5+1 խմբին» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) կներկայացնի իրանական կողմի նոր առաջարկությունների փաթեթը:
Իրանական պատվիրակության անդամ Արաղչին, անդրադառնալով ուրանի հարստացման աշխատանքներին, հայտարարել է. «Իրանը ուրանի հարստացման աշխատանքները նույնիսկ մի օրով չի դադարեցնի, սակայն հարստացման ծավալների և ձևի շուրջ պատրաստ է բանակցել, որպեսզի այդ առնչությամբ առկա մտահոգությունները փարատվեն»:
Հիշեցնենք, որ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Իրանի և «5+1» խմբի միջև առաջին բանակցությունը տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա