Սիրիայի ազգային խորհուրդն հրաժարվել է մասնակցել «Ժնև 2» համաժողովի աշխատանքներին
Սիրիական ընդդիմության խոշոր կառույցներից մեկը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հրաժարվել է մասնակցել նոյեմբերին նախանշված «Ժնև 2» համաժողովի աշխատանքներին: Այս մասին նախօրեին հայտարարել է Ստամբուլում տեղակայված կառույցի ղեկավար Ջորջ Սաբրան: Վերջինս տեղեկացրել է նաև, թե Ազգային խորհուրդը կարող է դուրս գալ Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայից, որին անդամակցում է նախորդ տարվանից:
«Սիրիական ազգային խորհուրդը վերջնական որոշում է ընդունել ներկայիս հանգամանքներում հրաժարվել Ժնևյան համաժողովին մասնակցելուց: Եթե Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, այնուհանդերձ, որոշի մասնակցել այդ ֆորումին, ապա Ազգային խորհուրդը ստիպված լինի լքել կոալիցիան», - «Ֆրանս Պրես» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է Սաբրան:
Նշվում է, թե ավելի վաղ կոալիցիան հայտարարել էր, թե մինչ հոկտեմբերի վերջ վերջնական որոշում կկայացվի համաժողովին մասնակցելու վերաբերյալ: Կազմակերպության ղեկավար Հալեդ Հոջան հայտարարել էր, թե համաժողովին կմասնակցեն միայն այդ դեպքում, եթե դրա արդյունքներով ձևավորվի Սիրիայի անցումային կառավարություն: Այս նախապայմանն ավելի վաղ անընդունելի էին համարել սիրիական կառավարությունն ու ռուսական կողմը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով