Հովիկ Աբրահամյան. Դա ոչ թե մեզ պարտադրված պահանջ է, այլ մեր ժողովրդի և իշխանությունների գիտակցված ընտրությունը
Մեր ժողովուրդը մեկ օրվա թելադրանքով չի կառուցում իր ապագան: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպայի հայերի երրորդ համագումարում:
Անդրադառնալով Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին, ԱԺ նախագահն ընդգծել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է զինվել և իր ապակառուցողական կեցվածքով լարվածության մեջ պահել ողջ տարածաշրջանը՝ դրանով իսկ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելին, հայատյացության խրախուսումը Ադրբեջանում դարձել է պետական քարոզարշավի հիմնական նպատակը:
«Այդ ամբողջը մեզ ավելի զգայուն է դարձնում մեր արտաքին սպառնալիքների նկատմամբ, իսկ Մերձավոր Արևելքում սրված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է անհետաձգելի քայլեր ձեռնարկել երկրի և ժողովրդի ռազմական անվտանգությունը ապահովելու համար: Հասկանալի է, որ այդ քայլերը ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը: Սա է օրվա թելադրանքը: Սակայն մեր ժողովուրդը մեկ օրվա թելադրանքով չի կառուցում իր ապագան»,-ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է Հ. Աբրահամյանը:
Նրա խոսքով, ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում կայունության և անվտանգության ապահովման խնդիրներից բացի ոչ պակաս կարևոր են նաև քաղաքական, գաղափարական և հոգևոր-մշակութային ուղղությունները, որոնք, հիմնված լինելով ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամուր կապում են մեզ Եվրոպայի հետ:
«Այսօր Հայաստանում և Արցախում իրականացվող ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ դա ոչ թե մեզ պարտադրված պահանջ է, այլ մեր ժողովրդի և իշխանությունների գիտակցված ընտրությունը»,-ասել է խորհրդարանի խոսնակը, ավելացնելով, որ այս հանգամանքն է այսօր Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման հիմնական գրավականը:
Դրան են ուղղված ինչպես պաշտոնական, այդպես էլ խորհրդարանական դիվանագիտության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերն այս ուղղությամբ ամբողջական չեն լինի առանց համայն հայության ջանքերի:
«Լիահույս եմ, որ համատեղելով մեր ներուժը՝ մենք հաջողություն կարձանագրենք մեր արդար նպատակներին հասնելու և ազգային իղձերն իրականացնելու պայքարում»,-ասել է նա:
Ելույթն ամբողջությամբ` parliament.am-ում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով