Քաղաքակրթության ընդգծված տարբերություններ
Աշխարհագրությունն ու հակամարտությունը Հայաստանին ու Ադրբեջանին կապել է այն աստիճան, որ տարաբնույթ համեմատությունները պարզապես անհրաժեշտություն են ու անխուսափելի: Այս իմաստով անթույլատրելի է աչքաթող անել այնպիսի մի կարևոր իրադարձություն, ինչպիսին նախագահական ընտրություններն են, մանավանդ որ` ընթացիկ տարում այն եղել է թե Հայաստանում և թե Ադրբեջանում:
Հայաստանում ընտրություններն իդեալական չէին, բոլորին է հասկանալի, այդուհանդերձ դրանք կառուցվածքային ու իրավական առումով այն աստիճան լավ ու որակյալ էին, որ համեմատելու չեն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում ընտրությունների անվան տակ: Բազմաթիվ գործոններ ու պարամետրեր կարելի է ցույց տալ` ասվածը հիմնավորելու համար, բայց բավարարվենք մի քանիսով. Հայաստանում որևէ քաղաքական գործիչ կամ ուժ հետապնդումների չի ենթարկվել և ազատ է եղել մասնակցելու ընտրություններին, մինչդեռ Ադրբեջանում շատերը վտարված են երկրից, իսկ հասարակական ու քաղաքական գործիչների մի ամբողջ բույլ (արևմտյան կառույցների հաղորդմամբ` 100-ից ավելի) գտնվում են բանտերում: Նշանակալի էր հատկապես Ռուստամ Իբրահիմբեկովի հետ տեղի ունեցածը. վերջինս` որպես ընդդիմության միասնական թեկնածու, ամիսներ շարունակ պատրաստվում էր Իլհամ Ալիևի հետ դիմակայությանը, սակայն վերջին պահին Ադրբեջանի ԿԸՀ-ն պարզապես չգրանցեց նրա թեկնածությունը:
Տարբերություններն ակնհայտ են ռեսուրսների առումով. եթե Հայաստանում քաղաքական տարբեր ուժեր քիչ թե շատ համարժեք ռեսուրսների են տիրապետում (վարչական, ինտելեկտուալ, ֆինանսական, քաղաքական և մեդիա), ապա հարևան երկրում այդ ամենը գտնվում է մեկ կենտրոնի ազդեցության ներքո և այդ կենտրոնն է նախագահի նստավայրը:
Մի խոսքով` զուտ ընտրական գործընթացի և դրա արդյունքի տեսանկյունից Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցածը միանգամայն անհամեմատելի են: Փոխարենը համեմատել կարելի է միջազգային հանրության պահվածքն ու վարչակազմի արձագանքը:
Միջազգային հանրության պահվածք ասելը թե մեկ, թե մյուս դեպքում ակնհայտ է. իհարկե քաղաքական շահերի հանգամանքը չի անտեսվում, սակայն մեծ հաշվով միջազգային հանրությունը ցանկանում է երկու երկրներում էլ տեսնել առաջընթաց` ժողովրդավարության, մարդու իրավունքների և առհասարական հասարակական զարգացումների առումով:
Ընտրությունները լավագույն առիթն են` դա տեսնելու և նաև այդ նպատակով են դիտորդական առաքելություններ այցելում երկիր ու գնահատում գործընթացը: Հայաստանի պարագայում եղած գնահատականը մեծ հաշվով դրական էր, սակայն այնտեղ ներկայացվում էին նաև բացթողումները: Ադրբեջանի դեպքում, մեծ հաշվով, նշվել էր , որ տեղի ունեցածն ընտրություններ չեն:
Բայց այստեղ կա մի էական հանգամանք: ԵԱՀԿ ԽՎ-ն և ԵԽ-ն որպես կանոն կարճաժամկետ դիտորդական առաքելություններ են ուղարկում անդամ երկրներ, որոնք բաղկացած են լինում հիմնականում խորհրդարանականներից, այսիքն` քաղաքական գործիչներից: Ու որպես կանոն այդ առաքելությունները, միանալով մասնագիտացված կառույցին` ԺՀՄԻԳ-ին, հանդես են գալիս համատեղ գնահատականով: Հայաստանի և գրեթե բոլոր երկրների դեպքում դա այդպես է եղել: Իսկ ահա Ադրբեջանի դեպքում խորհրդարանականները հանդես էին եկել առանձին հայտարարությամբ` փառք Իլհամին ոճով, հակադրվելով ԺՀՄԻԳ-ի գնահատականներին:
Բուլղարացի ու մակեդոնացի պատգամավորների հուզական դրսևորումներն, անշուշտ, ադրբեջանական «դիսնեյլենդն» ընտրություններ չեն դարձնում, բայց ակնհայտ է, որ նավթի ու խավիարի ազդեցության ներքո եվրոպական արժեքներն աստիճանաբար դեգրադացվում են: Բնականաբար սա ոչ թե Ադրբեջանի, այլ Եվրոպայի խնդիրն է. այս տեմպը պահպանելու դեպքում Եվրոպան շատ արագ կկորցնի գրավչությունը:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ միջազգային դիտորդների գնահատականների առումով ևս Հայաստանում ու Ադրբեջանում կայացած ընտրությունները անհամեմատելի են:
Զուգահեռներն ամփոփելու համար մնում է միայն համադրել երկու երկրների պաշտոնական արձագանքները` ընտրությունների և ընտրություններին տրված գնահատականների առնչությամբ: Պարիտետը պահելու համար առաջարկում եմ դա անել նախագահի աշխատակազի ղեկավարի մակարդակով. երկու դեպքում էլ դրանք առկա են, երկու դեպքում էլ դրանք, ըստ էության, ներկայացնում են վարչակազմի մոտեցումը:
Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր . «Զեկույցները բավականին համահունչ էին իրականությանը, և նրան, թե ինչպիսի ընտրություններ անցան Հայաստանում: Դա ապացուցվում է նաև այն փաստով, որ իրարից բացարձակապես անկախ, իսկ երբեմն էլ իրար հետ մրցակցող ամենատարբեր դիտորդական առաքելությունները, բոլորը արձանագրեցին գրեթե նույնը»:
«Որոշ դեպքերում հայտնաբերված խնդիրները և գնահատականները համընկնում են: Դրանք հիմնականում նույնն են այն առումով, որ կառավարությունը, ՀՀ իշխանությունները արել են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի ընտրությունները ևս մեկ քայլ առաջ լինեն այս գործընթացում: Ես ասում եմ` ևս մեկ քայլ առաջ, որովհետև ժողովրդավարությունը և ընտրությունները` որպես դրանց շատ կարևոր բաղադրիչ, չունեն վերջակետ, որից հետո այլևս ուղղելու կամ քայլ անելու խնդիր չկա, հետևաբար` սա ևս կարևոր մեկ քայլ էր: Ինձ շատ հոգեհարազատ հնչեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի այն ձևակերպումը, որ ընտրություններն իրականացվել է հիմնարար ազատությունների նկատմամբ հատուկ ուշադրության ոգով: Դա շատ կարևոր գնահատական է, որովհետև, ի վերջո, ընտրությունների գնահատականը հիմնարար ազատությունը պաշտպանելն է, իսկ մնացած թերություններն ուղղվող են և դրանց վրա կարելի է աշխատել ժամանակի ընթացքում»,- նշել էր Վիգեն Սարգսյանը:
Հարկ է նկատել, որ Հայաստանն այս դեպքում ոչ միայն ի գիտություն ընդունեց դիտորդների գնահատականները, այլև պատրաստակամություն հայտնեց համատեղ աշխատանք տանելու` եղած թերությունները շտկելու ու գործընթացը բարելավելու ուղղությամբ: Իսկ այն օրերին, երբ Ադրբեջանում պատրաստվում էին քվեարկության, Հայաստանի նախագահը ԵԽԽՎ-ում վերահաստատեց այդ մոտեցումն ու տեղեկացրեց համապատասխան աշխատանքային խմբի գործունեության մասին:
Իսկ ահա Վիգեն Սարգսյանի պաշտոնակից Ռամիզ Մեհթիևը ԺՀՄԻԳ զեկույցի վերաբերյալ հայտարարել է բառացիորեն հետևյալը.
«Մեր ունեցած տեղեկություններով` ընտրությունների վերաբերյալ զեկույցի նախագիծը, որտեղ ոչ մի դրական դրվագ չկա, նախօրոք կազմվել է այդ կառույցի Վարշավայում գտնվող գրասենյակում: Եվ պետք է ասել, որ նմանատիպ խորամանկություններն իրավիճակը շիկացնելու ու ադրբեջանական հասարակության մեջ բացասական գործընթացներ հրահրելու նպատակ ունեն: Այս ամենից հետևում է, որ որոշ դիտորդներ նախապես պատրաստվել են ընտրություններին բացասական գնահատական տալուն, և մնում է միայն գուշակել, թե որն է նման թշնամական տրամադրվածության իրական նպատակը»:
Ռամիզ Մեհթիևը, չասհամանափակվելով ասվածով, տեղի ունեցածի մեջ մեղադրել է ԱՄՆ-ին` նշելով, որ ԺՀՄԻԳ-ը կախվածության մեջ է Վաշինգտոնից. «Այդ կառույցն ամենևին էլ անկախ կազմակերպություն չէ, որպեսզի ինքնություն գործի: ԵԱՀԿ-ն գործում է` հայացքն ԱՄՆ-ին հառած: Հիշելով, որ նախկինում էլ այդ կազմակերպությունն Ադրբեջանում կայացած ընտրություններին տվել էր ոչ օբյեկտիվ, կանխակալ գնահատական, մենք հեռու էին նախագահական ընտրություններին նրանց հրավիրելու մտքից: Սակայն ադրբեջանական կողմը հրավիրեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին` հաշվի առնելով ԱՄՆ խորհուրդը: Իսկ համադրումը ցույց տվեց, որ ԱՄՆ Պետքարտուղարության ու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցները երկվորյակներ են: Սա այն դեպքն է, երբ տեղի է ունենում վստահության ակնհայտ չարաշահում»:
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Մնում է հետևել, թե ինչպես է միջազգային հանրությունն արձագանքելու Բաքվի այս դեմարշին: Ի վերջո Մեհթիևը Վաշինգտոնին մեղադրել է ոչ միայն «վստահությունը չարաշահելու» մեջ, այլև «ԱՄՆ քաղաքացիների իրավունքները խախտելու» մեջ: Քանի որ ազդեցիկ գործիչը նաև կոչ է արել «չտրվել զգացմունքներին» ու «չգայթակղվել» ԱՄՆ-ի հետ «բարեկամությամբ», սպասվում է, որ առաջիկայում Ադրբեջանը երես կթեքի առաջադեմ մարդկությունից:
Հեղինակ` Արմեն Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում