Ռուբեն Բաբայանը՝ Զորի Բալայանի նամակի մասին. Չեմ կարծում, որ ծերունական մառազմի արդյունք է (տեսանյութ)
«Անչափ շնորհակալ եմ Զորի Բալայանին, որ այդպիսի նամակ է գրել ու հրապարակել: Նամակը հերթական անգամ ապացուցում է, որ բոլոր պրոբլեմները մեր մեջ են, իզուր է, որ դրսում ենք ման գալիս այդ պրոբլեմները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը՝ խոսելով հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին, ով առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում:
«Գյուլիստանի պայմանագիր… Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանն ու Պարսկաստանը երկու բարեկամական երկիր ութ տարի նստել են սեղանի շուրջ, թեյ են խմել, զրուցել են, թե ինչպես անել, որպեսզի Հայաստանի անվտանգությունը լինի ավելի ապահով: Այդպես չի եղել, եղել է դաժան պատերազմ, որը չի դադարել նույնիսկ այն տարիներին, երբ ընթացել է Առաջին համաշխարհային պատերազմը»,- ասաց արվեստագետը:
Ըստ նրա, Զ. Բալայանի արած պատմական էքսկուրսը «դիլետանտական մակարդակով է»: Ռ. Բաբայանի դիտարկմամբ, ընդհանրապես հաշվի չի առնվել այն ժողովրդի, հասարակության կարծիքը, որի կենսականորեն կարևոր հարցերն են արծարծվել. «Ղարաբաղին հարցրել եք, որ ուզում եք տալ»:
«Հոդվածով ասում ենք՝ Ղարաբաղի անկախությունը չենք ուզում, այլ ուզում ենք մի կտոր հող պոկենք Ադրբեջանից ու տանք Ռուսաստանին: Սա այն սխալն է, որ տեղի է ունեցել ուղիղ 100 տարի առաջ, ինչը դարձավ նաև Հայոց ցեղասպանության իրականացման պատրվակ. մենք պայքարում էինք Օսմանյան կայսրությունից դուրս գալու ու Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու համար: Այդ նամակով Ղարաբաղի ինքնորոշման հարցը ջնջում ենք»,- ասաց նա:
Արվեստագետը կարծում է, որ Զ. Բալայանի նամակն ավելի շատ ուղղված է հայ հասարակությանը, քանի որ նա նշել է, որ ինքը չի նեղանա, եթե Վ. Պուտինն այն չկարդա:
Ռուբեն Բաբայանը նաև այն կարծիքին է, որ նման բովանդակությամբ նամակ գրելը հենց Զ. Բալայանի նախաձեռնությունն է եղել. «Չեմ կարծում, որ ծերունական մառազմի արդյունք է: Կարծում եմ հոտառությունը մի քիչ խաբեց: Նման երիտասարդական նախաձեռնություն իրենից ոչ ոք չէր սպասում»:
Ասուլիսին ներկա ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ նման դիտարկում արեց. «Մեծ խաղի մեջ նման բաներ չի կարելի անել»: