Ինչ խնդիր է լուծվում սահմանագծում դիտարկումների իրականացմամբ. կարծիքներ
ԵԱՀԿ առաքելությունը որոշակի պարբերականությամբ պլանային դիտարկումներ է իրականացնում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, սակայն իրավիճակը, մեծ առումով, շարունակում է մնալ նույնը. անընդհատ զոհեր ու կորուստներ են գրանցվում, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Այս պայմաններում հարց է առաջանում. ի՞նչ իմաստ ունի պլանային դիտարկումներ անցկացնել այն դեպքում, երբ սահմանագծին անընդհատ նորանոր միջադեպեր են գրանցվում, ի՞նչ խնդիր է լուծվում դիտարկումների իրականացմամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը թեմայի շուրջ նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի կանոնները, միաժամանակ անընդհատ լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը հեռահար դիպուկահար զինատեսակներ է ձեռք բերում, իսկ դա նշանակում է, որ շփման գծում իրականացվող պլանային դիտարկումները անհրաժեշտություն են:
«Միաժամանակ պետք է նշել, որ լինում են նաև դեպքեր, երբ Արցախի հյուսիսային հատվածում դիտարկում է իրականացվում, իսկ նույն այդ պահին հրադադարի խախտումներ է գրանցվում շփման գծի մեկ այլ հատվածում:
Պլանային դիտարկումներն անհրաժեշտություն լինելով հանդերձ հարցի լուծում չեն: Առավել արդյունավետ կլիներ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողական լինեին առաջնային գծից դիպուկահարների դուրս բերման հարցում, քանզի նրանց առաջնագծից հեռացնելն էականորեն կթուլացներ լարվածությունը:
Ստեղծված իրավիճակում, այդ հարցի լուծումը կախված է Ադրբեջանից, քանի որ ղարաբաղյան կողմը պատրաստակամություն են հայտնել պայմանավորվածության դեպքում՝ դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից»,- նշեց Ս. Հասրաթյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմի ցանկությունն է՝ առավել արդյունավետ դարձնել սահմանագծին տեղի ունեցող մոնիթորինգի արդյունավետությունը:
«Համենայնդեպս հայկական կողմը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի վերահսկողական և կանխարգելման մեխանիզմներն առավել արդյունավետ դառնան»,- ընդգծեց նա:
Փորձագետ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ վաղուց ժամանակն է ներդնելու այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես արդյունավետ կդարձնեն իրականացվող դիտարկումները:
«Միաժամանակ խնդիր է առաջանում սահմանելու այն խնդիրները, որոնց լուծմանն են ուղղված վերոնշյալ դիտարկումների իրականացման միջոցառումները:
Հակառակ դեպքում ստացվում է, որ մի կողմից սահմանագծին պլանային դիտարկումներ են իրականացվում, սակայն դրանից 1-2 օր հետո կողմերը զոհեր ու վիրավորներ են գրանցում:
Որոշակի իմաստով, այսօր, այդքան էլ պարզ չէ, թե ի՞նչ խնդիրներ են լուծվում դիտարկումների իրականացմամբ և արդյո՞ք դրանք ներկայումս ձևական բնույթ չեն կրում: Միջնորդ երկրները դեռ մի քանի տարի առաջ ձեռնամուխ եղան նոր մեխանիզմների ներդրման գաղափարին, ինչին հայաստանյան ու արցախյան կողմերը տվեցին իրենց համաձայնությունը:
Առաջարկվեց ներդնել հետաքննությունների իրականացման մեխանիզմ, ինչը հնարավորություն կտար հնարավոր միջադեպերի դեպքում միջազգային հետաքննություն իրականացնել ու պարզել, թե ո՞վ է միջադեպի պատասխանատու տվյալ միջադեպի համար: Միջնորդները նաև առաջարկում էին կողմերին՝ դուրս բերել դիպուկահարներին առաջնային գծից, համարելով, որ այս երկու քայլերի լիարժեք իրականացմամբ հնարավոր կլիներ էականորեն նվազեցնել լարվածությունը սահմանագծին և կողմերի միջև վստահություն ստեղծել:
Սակայն ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը ոչ միայն դեմ է արտահայտվում այս առաջարկներին, այլ բացեբաց հայտարարում է, որ տարածաշրջանային կայանությունը չի բխում իր շահերից, իսկ միջնորդները, կարծես թե, առանձնապես հետևողական չեն իրենց առաջարկների ընդունման հարցում»,- հավելեց Տ. Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները