Գաբրիել Ղազարյանի ելույթը մեծ արձագանք ստացավ
Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ, Բալթյան երկրների ու Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների մասնակցությամբ հերթական համաժողովը:
Հայաստանից միջոցառմանը մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
Զեկուցումներով հանդես եկան բոլոր 15 երկրների պատվիրակները: Ուշադրությամբ լսվեցին առաջիկայում կայանալիք օլիմպիական կարևոր նշանակության միջոցառումներին վերաբերող ելույթները («Սոչի-2014» ձմեռային խաղերը, «Բաքու-2015» Եվրոպայի ամառային օլիմպիական առաջին խաղերը, Թբիլիսիում երկու տարի հետո կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնը, Բելառուսում կառուցվող հսկա մարզահամալիրի շինարարության ընթացքը և այլն):
Մեծ արձագանք ստացավ երևանցի Գաբրիել Ղազարյանի ելույթը, որը բովանդակում էր համահայկական խաղերը, դրա բնութագիրը, ընդհանուր կառուցվածքը, մասսայականության աստիճանը, նշանակությունը և այլն: Ցուցադրվեց նաև ՀԱՕԿ-ի օպերատոր-ռեժիսոր Էդվին Գրիգորյանի պատրաստած` համահայկականին վերաբերող տեսաֆիլմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Ելույթներն ուղեկցվում էին բուռն քննարկումներով, հարց ու պատասխանով, մտքերի փոխանակումներով:
Ավանդաբար անցկացվող այսանուն համաժողովները կարևոր են փորձի փոխանակման, համագործակցության, օլիմպիական գաղափարախոսության տարածման, բարեկամական կապերի հաստատման համար և այլն:
Մասնակիցները եղան Ղազախստանի մարզական խոշոր մարզակառույցներում: Տպավորիչ էր հանրահայտ «Մեդեո» օլիմպիական կենտրոնի հարևանությամբ վեր հառնած դահուկացատկի նոր համալիրը, որը Եվրոպայում և Ասիայում լավագույններից է:
ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի ԱՕԿ-ների համատեղ աշխատանքները համակարգող Յուրի Յուրևը (Ռուսաստան) հայտարարեց , որ հաջորդ համաժողովը տեղի կունենա Մինսկում կամ Թբիլիսիում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում