«Բարև, մամ ջան». գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել
Օգոստոսի 8-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հերթական նամակն է ուղարկել հարազատներին: Նամակը նրանց փոխանցել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հակոբ Ինջիղուլյանի ազգականը` Արման Ինջիղուլյանը:
«Նամակում գրել է` «Բարև մամ ջան, ո՞նց եք, հարազատներին բարևեք: Իմ հետ ամեն ինչ լավ է»: Գրում է, որ ինքը լավ է, թող չանհանգստանան», -փոխանցեց Արման Ինջիղուլյանը` նկատելով, որ ինքն այսօր հանդիպել է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցիչների հետ, ովքեր էլ հենց փոխանցել են նամակը:
Ինչ վերաբերում է երրորդ երկիր վերադառնալու մասին Հակոբ Ինջիղուլյանի ցանկությանը, Արմանն ասաց, որ Հակոբը նամակում նման բան չի գրել: «Այդ մասին նա ասել է ուղղակի Կարմիր խաչի ներկայացուցիչներին: Այդ ցանկությունը կարող է ամեն ժամ, ամեն վայրկյան փոխվի: Կոնկրետ ես գտնում եմ, որ եթե թողնեին իր հայեցողությանը, ապա ինքը հաստատ կուզենար տուն գար», -հավելեց Արման Ինջիղուլյանը` նշելով, որ այդ ցանկությունը բավարարելու համար ժամանակ է պահանջվում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին