ԼՂՀ վարչապետը՝ Զորի Բալայանի նամակի մասին. «Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումը հայտնել է, Ղարաբաղն անկախացել է»
«Հրապարակախոս Զորի Բալայանը նախօրեին բաց նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Ինչպե՞ս են վերաբերվում այս հարցին Արցախում»:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ամբողջությամբ չի ընթերցել նամակը. «Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել: Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ., և ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ: Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ»:
«Ի դեպ, Արցախի վարչապետը հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զ. Բալայանին պարգևատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով և տվել Արցախի հերոսի կոչում: Փաստորեն, այդքանից հետո նա առանց ամաչելու սակարկում է Արցախի անկախությունը»: