«Քեմբրիջից «Նուբարաշեն»». Մուղալյանը և Առաքելյանը` անազատության ու առաջիկա անելիքների մասին (տեսանյութ)
«Ուրախանալու բան չկա: Այս գործը սարքել են, որ իրենք ջրից չոր դուրս գան: Համաներում կիրառեցին, էնքան որ իրենց վրայից մեղքը քցեն: Նույնն է, թե անմեղ մարդուն բռնեն, բերեն, փակեն կես տարի ու ասեն համաներում կա դուրս արի և մի բան էլ շնորհակալ եղի», -այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վճռի հրապարակումից հետո հայտարարեց համաներմամբ ազատ արձակված Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Արամ Մուղալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգքրի 258 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները գումարելու միջոցով Արամ Մուղալյանը դատապարտվեց 2 տարի վեց ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ կիրառվեց համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Արամն ասաց, որ առաջին գործը ազատության մեջ լողանալն է, հետո կծրագրի անելիքը. Պաշտպանի հետ կորոշեն առաջիկայում բողոքարկելու են վճիռը, թե ոչ: «Աբսուրդ բան է` մեկ վկայի ցուցմունքով չորս հոգու չորս դեպքով դատում են: Վկա, որը ոչ մի բան չի տեսել, տեքստերը անգիր սովորած գալիս են, չեն կարողանում դատարանում պնդեն նախաքննական ցուցմունքները», -ասաց Արամ Մուղալյանը:
Նա վստահեցրեց, որ կատարվածը չի ստիպում իրեն լքել Հայաստանը, այդ մասին չի էլ մտածում. «Ես որ ուզենայի, գնացել էի, հետ չէի գա: Քենեդին ասում էր` դու մի հարցրու` երկիրը ինչ կարող է անել քեզ համար, այլ հարցրու` դու ինչ կարող ես անել երկրի համար: Հիմա երկիրը ինձ համար սա արեց, տեսնենք` ես ինչ կանեմ»: Հիշեցնենք` Արամ Մուղալյանը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է, սովորել է Քեմբրիջի համալսարանում:
Անազատության մեջ անցկացրած վեց ամիսները, Մուղալյանն ասաց, որ մեծ բան են փոխել իր կյանքում: «Տեսա կյանքի այլ կողմը` Քեմբրիջից «Նուբարաշեն», լրիվ հակառակ աշխարհներ են, որտեղ պատկերացրեք սովորելու լիքը բաներ կային: Կարևոր է` բանտում մնալ ու չչարանալ մարդկանց վրա: Ու եթե բանտից դուրս ես գալիս ու դու անմեղ ես, դա արդեն հաղթանակ է: Իսկ եթե չարացած դուրս գաս ու կոտրված քեզ զգաս, հաշվեք պարտություն: Ես կարծում եմ, որ ես հաղթանակած եմ դուրս եկել», -ներկայացրեց Արամ Մուղալյանը:
Մեղադրանքը ու այն, որ արդեն կես տարի անազատության մեջ է աբսուրդ է համարում նաև համաներմամբ ազատ արձակված Գագիկ Առաքելյանը: Նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով և 34-185 հոդվածի հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հանցագործություններ կատարելու համար: Դատարանի որոշմամբ, պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Առաքելյանը դատապարտվեց 1 տարի մեկ ամիս ժամկետով: Առաքելյանի նկատմամբ նույնպես կիրառվեց համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը, և նա նույնպես դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Մեղադրանքն այնքան աբսուրդ էր Առաքելյանի համար, որ նախորդ նիստում նա հայտարարել էր, թե ազատվելուց հետո գնալու է տեսնի` Նորապատում այդ որտեղ է «խուլիգանություն» արել, գույք ոչնչացրել: «Ես սկի դեպքի վայրում չեմ եղել ու ինձ հետաքրքիր էր, թե այդ դեպքի վայրը որտեղ ա: Մոտ օրերս կգնամ էդ դեպքի վայր, տեսնեմ, բայց մի կողմից էլ մտածում եմ, որ գնամ կարող մի հատ էլ դրա համար հետ բերեն», -ասաց Առաքելյանը:
Նրա խոսքով, համաներումն իրեն պետք չէր: «Ինձ պետք էր արդարացնել: Մտածում եմ` մյուս ատյանները կարդարացնեն ինձ: Իսկ եթե չլինի, դիմելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան», -հավելեց համաներմամբ ազատ արձակված Գագիկ Առաքելյանը:
Հարակից հրապարակում.
Արամ Մուղալյանը և նրա ընկերները համաներմամբ ազատ արձակվեցին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները