Ա. Նավասարդյան. «Թուրքիան ցանկանում է իր վրա վերցնել տեռորիստական գործունեությունն ամբողջ տարածաշրջանում»
«Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային զարգացումների կենտրոնում Սիրիան է, այսօր ամեն ինչ շարժվում է Սիրիայից: Իրանի քաղաքականության մեջ փոփոխություններ են տեղի ունենում, և տարածաշրջանում շատ բան կախված է ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերություններից: Իսկ Թուրքիան այսօր շատ վտանգավոր քաղաքականություն է վարում: Եթե չասեմ ժանդարմի դեր, ապա Թուրքիան այսօր ցանկանում է իր վրա վերցնել տեռորիստական գործունեությունը ամբողջ տարածաշրջանում»,- այսօր «Diplomat.am» ակումբի բացման ժամանակ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն, իր հերթին, նկատեց, որ տարածաշրջանը կանգնած է խորը փոփոխությունների առջև, իսկ այդ փոփոխությունների «բանալին» Սիրիան է:
«Սիրիայով են պայմանավորված շատ զարգացումներ Թուրքիայում և Իրանում: Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում նույնպես կախված են նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն Միջին Արևելքում»,- ասաց Ա. Պապյանը:
Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան 10 տարի առաջ, բայց կարող են ավելի լավ լինել, Ա. Պապյանն չհամաձայնեց այդ դիտարկման հետ:
«Հարաբերությունները նույն մակարդակի վրա են, որովհետև ինչպես 10 տարի առաջ սահմանը փակ էր, հիմա էլ է փակ, ինչպես Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին, նույն դիրքորոշումն ունի: Ընդհակառակը, կարծում եմ, որ Թուրքիան այժմ շատ ավելի ադրբեջանական ազդեցության տակ է, քան 10 տարի առաջ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա դրանք ի սկզբանե դատապարտված էին, քանի որ Թուրքիան ունի մաքսիմալիստական դիրքորոշում, եռաստիճան նախապայմանները միշտ դրվում են` ցեղասպանության ուրացում, ներկա սահմանների ճանաչում և Ղարաբաղի հարցի լուծում թուրքական տարբերակով»,- նշեց Արա Պապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով