Սերժ Սարգսյանը մասնակցեց Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացմանը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Իզմիրլյան բժշկական հաստատության և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը շրջեց վերաբացված կենտրոնում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և կենտրոնի նոր սարքավորումներին:
Իզմիրլյան բժշկական հաստատություն և Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնը վերաբացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և շվեյցարահայ բարերարներ, տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների ներկայությամբ:
Իզմիրլյան բժշկական կենտրոնը ստեղծվել է Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հիմքի վրա, որը ՀԲԸՄ-ի կողմից 2000թ.-ին մասնավորեցվելով հաջորդ տարի նվիրաբերվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի միջոցներով իրականացվել է 12 միլիոն դոլարի ծրագիր, ինչի շնորհիվ հիվանդանոցը հիմնանորոգվել է և համալրվել նոր մասնաշենքով: Ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական ժամանակակից սարքավորումներ և գործիքներ:
Իզմիրլյան բժշկական կենտրոնում այժմ աշխատում է շուրջ 200 աշխատակից, իսկ կենտրոնում իրականացվում են Հայաստանում և տարածաշրջանում նախադեպը չունեցող վիրահատություններ:
Իզմիրլյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր վերաբացվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնը, որը գործում է Մայր Աթոռի հովանո ներքո: Կենտրոնը ամբողջովին վերանորոգվել, վերազինվել է նոր սարքավորումներով:
«Կենտրոնում գործում են բանկային ծրագրեր, այսինքն, եթե հիվանդները ունեն դրա կարիքը առանց գրավի կարող են վարկ վերցնել՝ այս կենտրոնում իրենց բուժումը իրականացնելու համար»,-նշեց գործադիր տնօրենը:
Նրա խոսքերով, կենտրոնի բժիշկները վիրահատություններ, բժշկական ծառայություններ են մատուցում նաև սահմանամերձ գյուղերում, մարզերում:
Նախորդող`
Նախագահը հյուրընկալել է Կաթողիկոսին, տեր և տիկին Իզմիրլյաններին
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով