«ԿԽՄԿ-ն ռազմագերու ընտանիքին փոխանցվող տեղեկությունների մասին պաշտոնական ինֆորմացիա չի հրապարակում»
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ, նրանց փոխանցել տեղեկություններ ռազմագերու մասին»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Հարցին, թե՝ «ճիշտ են արդյո՞ք այսօր մամուլում շրջանառվող լուրերը, որ Հ. Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր, մասնավորապես այդ մասին տարբեր լրատվամիջոցների փոխանցել էր ռազմագերու հարազատներից Արման Ինջիղուլյանը, Զ. Ամատունին նշեց. «Ես չեմ կարող այդ լուրերը հաստատել. ԿԽՄԿ-ն ռազմագերու ընտանիքին փոխանցվող տեղեկությունների մասին պաշտոնական ինֆորմացիա չի հրապարակում: Ռազմագերու ընտանիքի անդամների տարածած տեղեկատվության մասով որևէ մեկնաբանություն չեմ կարող ներկայացնել»:
Զ. Ամատունին նշեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները ռազմագերու ընտանիքի ներկայացուցիչների հետ հաճախակի հանդիպումներ են ունենում և նրանց փոխանցում այն ողջ տեղեկատվությունը ինչը կապված է ռազմագերու հետ: