Ա. Բախչագուլյան. Թուրքական ապրանքները Հայաստան են ներմուծվում բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա
«Սահմանային անցակետերում սահմանային հսկողության ռիսկի վրա հիմնված նոր համակարգ է գործում. այսուհետ արգելվում է առանց ուղեկցող փաստաթղթի բեռի ներմուծումը Հայաստան, մինչդեռ նախկինում ներմուծողն իրավունք ուներ ներմուծել առանց ուղեկցող փաստաթղթի, միայն բավարար էր լաբորատոր փորձաքննությունը: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:
«Այսինքն՝ ծագման երկրի խնդիր այս որոշումը չի լուծում. եթե հնարավորություն կա ներմուծել առանց փաստաթղթի, ապա նաև հնարավոր է ներմուծել Թուրքիայից»,- ասաց նա: Միաժամանակ նշեց, որ Թուրքիան դասվում է բարձր ռիսկային կատեգորիա ունեցող երկրների շարքին, թուրքական ապրանքները Հայաստան են ներմուծվում բացառապես լաբորատոր փորձաքննության հիման վրա՝ կախված ռիսկայնության աստիճանից:
Ա. Բախչագուլյանի խոսքով, բուսական ծագման մթերքը ցածր ռիսկային կատեգորիայի մեջ է մտնում, սակայն ինչպես Թուրքիայից, այնպես էլ այլ երկրներից ներմուծվող գյուղմթերքի նիտրատների քանակությունը սահմանային հսկողության ժամանակ համապատասխան սարքերով ստուգվում է: Ծառայության պետը տեղեկացրեց, որ կառավարությունը վերջին նիստի ժամանակ որոշում է ընդունել պեստիցիդների մնացորդային քանակների մասին, որը ուժի մեջ է մտնում որոշման ընդունումից 10 օր անց:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 220-Ա հրամանով ժամանակավորապես արգելվել էր թուրքական և ադրբեջանական ծագում ունեցող կենդանական ու բուսական հումքի և մթերքի ներկրումը Հայաստանի Հանրապետության տարածք։ Այս տարվա հունիսի 7-ին նախարարի արձակված N 103-Ա հրամանով արգելքը հանվել է: Նախարարության պարզաբանմամբ, Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան անդամակցում են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի շրջանակներում անդամ պետությունն այլ պետության նկատմամբ որևէ առևտրային սահմանափակում չի կարող կիրառել։ Բացի այս՝ ներմուծվող սննդամթերքի վտանգների կանխման և նվազեցման, ինչպես նաև սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրության նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներդրել է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը: Այն թույլ է տալիս սահմանային վերահսկողություն իրականացնել՝ համաձայն ռիսկայնությունը որոշող չափանիշների եւ ռիսկերի վերահսկողական համակարգի մեթոդաբանության, Հայաստանի Հանրապետությունում առկա են անհրաժեշտ գործիքակազմն ու լծակները, որոնց կիրառման դեպքում հանրությունը հնարավորություն կունենա տեղեկանալ հիշյալ երկրների ծագում ունեցող մթերքների ներմուծման գործընթացին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում