ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները համագործակցում են հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում
«Այսօրվա նիստին մասնակցել են 10 երկրների ներկայացուցիչներ, աշխատանքներ են տարվել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը ավելի սերտացնելու նպատակով»,- այսօր Ծաղկաձորում կայացած ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Նա նշեց, որ նիստում քննարկվել են հանցագործություններ կատարած և ԱՊՀ անդամ երկրների տարածքում թաքնվող հանցագործներին հայտնաբերելու, թմրամիջոցների դեմ պայքարի և այլ հարցեր:
Ա. Բորտնիկովն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի հաջորդ նիստի օրակարգային հարցեր: Ըստ նրա, հաջորդ` 36-րդ նիստը կայանալու է Բելառուսում հաջորդ տարի:
Իր հերթին ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, անդրադառնալով նիստում քննարկված հարցերին, նշեց, որ իրենք համագործակցում են գործընկերների հետ բոլոր այն հարցերում, որոնց մասին խոսեց Ալեքսանդր Բորտնիկովը: Գ. Հակոբյանը նշեց, որ նիստին ներկա բոլոր երկրների հետ հայկական կողմը ակտիվ համագործակցում է հանցավորության դեմ պայքարի, հակաահաբեկչության ոլորտներում:
«Մենք էլ մեր հերթին օգնում ենք նրանց` մտածելով առաջին հերթին մեր երկրի շահերի մասին»,- ասաց Գ. Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը: Նիստի ընթացում քննարկվեցին միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, թմրաբիզնեսի դեմ պայքարի հետ կապված խնդիրները:
Նիստին մասնակցում են ԱՊՀ բոլոր մասնակից երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները` բացի Ադրբեջանից:
Նախորդող` Ծաղկաձորում մեկնարկեց ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա