«Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանանալը նաև մեծ պատասխանատվություն է». Ալբերտ Գևորգյան
«ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական ուղղվածության համալսարաններից բացահայտենք և խրախուսենք լավագույն ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին` նրանց ուղղորդելով դեպի տեխնոլոգիական ձեռներեցության և տեղեկատվական գիտակրթական ոլորտներ»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությունից հետո:
Նրա խոսքերով՝ իրենք ունեն բացառիկ հնարավորություն շփվել դպրոցների և համալսարանների ֆիզմաթ ֆակուլտետների ուսանողների և աշակերտների հետ, և հետևել այն տենդեցներին, որոնք առկա են Հայաստանի դպրոցներում և ԲՈՒՀ-երում:
Բացի այդ, ինչպես նշեց Հ.Մուսայելյանը, հանձնաժողովի անդամներն իրենց մտահոգություններն են ներկայացնում ՀՀ նախագահին:
Ըստ նրա` լավագույն երեխաներն այսօր սովորում են ֆիզմաթ դպրոցներում, ուստի տրամաբանությունն այնպիսին է, որ նրանք հետագայում իրենց ուսումը պետք է շարունակեն բնագիտական մասնագիտություններով, բայց, ցավոք սրտի, նրանցից շատերն ուզում են բժիշկ, տնտեսագետ, իրավաբան դառնալ: «Դա մի քիչ տարօրինակ է մեզ համար, քանի որ ՏՏ ոլորտը Հայաստանում մեծ հավելյալ արժեք ստեղծող, մեծ աճի տեմպեր ապահովող ոլորտ է, հատկապես, որ ՏՏ ոլորտում Հայաստանն ունի 2000-ից ավելի ինժեներների պակաս: Ուստի տրամաբանական կլիներ, որ լավագույն աշակերտները ընտրեին այդ բնագիտական հոսքերը: Հանձնաժողովի անունից հանրապետության նախագահին առաջարկել եմ որոշ արտոնություններ տրվեն այն լավագույն դպրոցականներին, որոնք ընտրում են ՏՏ ոլորտի հետ կապ ունեցող մասնագիտություններ: Մասնավորապես, նրանք բուհ ընդունվեն առանց քննությունների: Խոսքը գնում է 15-16 աշակերտի մասին: Կարծում եմ, որ սա կլինի բարոյական խրախուսման ձև»,- ասաց Հ.Մուսայելյանը:
Երկրորդ առաջարկը, ըստ նրա, վերաբերում է նրան, որ շախմատի առարկայի դասվանդմանը զուգահեռ նաև պարտադիր լինի ռոբոտաշինության և ինֆորմատիկայի դասավանդումը, քանի որ հայ պատանիները իսկապես ուշագրավ հաջողություններ ունեն այս բնագավառում: «Դա նաև կնպաստի, որպեսզի այդ աշակերտները ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում ձեռք բերեն հմտություններ: Եթե այսօր ամբողջ աշխարհում փորձում են փոխառնել մեր փորձը և շախմատի դասավանդումը դարձնեն պարտադիր, ապա ինչո՞ւ ևս մեկ նախադեպ չստեղծենք ռոբոտաշինության դասավանդման առումով»,- ընդգծեց Հ.Մուսայելյանը:
Նա նշեց, որ ՀՀ նախագահը ընդունել է այս առաջարկությունները:
«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի արժանցած 14-ամյա Ալիսա Դավթյանը, ով սովորում է Գյումրու Ֆոտոն վարժարանում, նշեց, որ իրեն միշտ էլ հետարքրքել են բնագիտական առարկաները և ՏՏ ոլորտը: «Այս ոլորտում մեզ հարկավոր են լավ մասնագետներ, ինչպես նաև գիտնականներ, դրա համար ցանկանում եմ հետագա ուսումս շարունակել այս ուղղությամբ և լուրջ հաջողություններ ունենալ: Առաջին հաջողությունն արդեն ունեմ. առաջին անգամ եմ մասնակցում այս մրցույթին, որն ինձ հաջողություն բերեց»,- ասաց Ա.Դավթյանը:
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին է արժանացել նաև «Քվանտ» վարժարանի սան, 15-ամյա Ալբերտ Գևորգյանը: Նա նշեց, որ մասնակցել է տարբեր օլիմպիադների և ունի հաջողություններ: «Շատ ուրախ եմ, որ նման մրցանակի եմ արժանացել; Դա ոչ միայն մեծ պատիվ է ինձ համար, այլ նաև մեծ պատասխանատվություն: Ցանկություն ունեմ խորանալ մաթեմատիկայի բնագավառում, իսկ մնացածը` կյանքը ցույց կտա»,- ընդգծեց Ալբերտը: Իսկ իր հասակակիցներին նա խորհուրդ տվեց ավելի վստահ և համարձակ լինել, որպեսզի ցանկացած ոլորտում հաջողություններ ունենան:
ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆայկուլտետի ուսանող Աստղիկ Պետոյանը նույնպես արժանացել է մրցանակի: Նրա խոսքերով` այս մրցանակը իրեն օգնի հետագայում ավելի լուրջ հաջողություններ գրանցել:
Նշենք, որ այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 21 ուսանող և 18 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից:
Նախագահի պարգևը շնորհվում է բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան