«Փորձում են հավասարակշռել անհավասարակշռելին». «New Eastern Europe»-ը` ԼՂ վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի մասին
Եվրոպական «New Eastern Europe» պարբերականը հրապարակել է «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախագահ Մայքլ Քեմբեքի անդրադարձը` Միջազգային ճգնաժամային խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջերս հրապարակած զեկույցին:
Ըստ Մ. Քեմբեքի՝ Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցը, որը նախազգուշացնում է իրավիճակի լրջության և ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին, հրապարակված է ճիշտ ժամանակին և համադրում է հակամարտությանը վերաբերող բոլոր կարևոր խնդիրները:
Միևնույն ժամանակ Քեմբեքը քննադատում է զեկույցի հեղինակներին մի շարք կետերի շուրջ: Մասնավորապես, ըստ Քեմբեքի, զեկույցի թույլ կողմն այն է, որ այն փորձում է «հավասարակշռել անհավասարակշռելին»:
ՄՃԽ զեկույցը ներկայացնում է և Հայաստանում, և Ադրբեջանում սպասվելիք հնարավոր ներքին խռովությունները, կապված մի դեպքում Ադրբեջանի նախագահական ընտրությունների և մյուս դեպքում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հետ, որպես շարժառիթ Ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության ուժեղացման համար:
Քեմբեքը հիշեցնում է, որ Ադրբեջանում անցկացվող նախորդ նախագահական ընտրությունները պատճառ էին հանդիսացել կողմերի միջև շփման գծում ռազմական լարվածության սրման համար, մինչդեռ դա անհամեմատելի է Հայաստանում՝ 2017թ.-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններով պայմանավորված ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ այս դեպքում լայնամաշտաբ խռովությունները հավանական չեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքի ուժեղացմանը, ապա ըստ Քեմբեքի՝ դա իր հերթին կարող է նպաստել նոր պատերազմի կանխարգելմանը: Այսպիսով, եզրակացնում է Քեմբեքը, զեկույցը ջանում է զուգահեռներ անցկացնել այնտեղ, որտեղ դրանք ըստ էության բացակայում են:
Այսպիսով, զեկույցի հեղինակները քննադատում են Ադրբեջանին մշտապես հնչող այլատյաց քարոզչության, սպառազինությունների կուտակման, ինչպես նաև Ռամիլ Սաֆարովի արտահանդձնման, ներման և հերոսացման համար: Սակայն միևնույն համատեքստում զեկույցը նշում է նաև ԼՂՀ իշխանությունների կողմից օդանավակայանի գործարկման մտադրության մասին՝ մի նախաձեռություն, որն ընդամենը կբարձրացներ ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև խաղաղ բնակչության տեղափոխման արդյունավետությունը և ուրիշ ոչինչ չէր փոխի: Քեմբեքը նշում է, որ ավելի լավ կլիներ, եթե ասվեր, որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը կարող էր անել ավելին խաղաղության հաստատման համար, բայց ներկայումս միայն մի կողմն է, որը հրապարակավ աշխատում է դրա դեմ:
Քեմբեքը դրական է գնահատում այն փաստը, որ զեկույցի հեղինակները տրամադրում են նաև իրենց սեփական աղբյուրները և ընդունում են, որ «այն պահից, ինչ միջնորդների ջանքերը մտել են փակուղի, Բաքուն գնալով ավելի ու ավելի հաճախ է շեշտը դնում խնդրի ռազմական լուծման վրա թե՛ հրապարակավ և թե՛ մասնավոր ձևաչափերում»:
Համաձայնելով զեկույցի հեղինակների հետ, որ «ժամանակը չի աշխատում կողմերից և ոչ մեկի օգտին», Քեմբեքն այնուամենայնիվ նշում է, որ այս գործոնը չի ենթադրում արհեստական հավասարակշռություն կողմերի միջև, քանի որ Հայաստանը շահագրգռված չէ նոր պատերազմ սկսել, մինչդեռ Ադրբեջանը ընդհակառակը՝ ստեղծում է դրա համար նոր առիթներ, այդ թվում խոչընդոտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ինչպես դա եղավ 2011թ.-ին Կազանում, որտեղ վերջին պահին հրաժարվելով պայմանագրի ստորագրումից Ադրբեջանը վիժեցրեց համաձայնագիրը: Ադրբեջանը դեռ բողոքում է Մինսկի խմբի անարդյունավետությունից, մինչդեռ ինքը խափանում է վստահության միջոցները և անգամ անվանում է Հայաստանի մայրաքաղաք Երևանը հնագույն ադրբեջանական տարածք:
Քեմբեքը նաև շեշտում է վստահության կառուցման միջոցների հրատապությունը: Նա կոչ է անում միջազգային հանրությանը, և հատկապես ԵՄ-ին, ջանքեր գործադրել վստահության միջոցների կառուցման համար: Այս ուղղությամբ Քեմբեքն առաջարկում է մի քանի քայլեր, որոնք պետք է պայմանավորել ԵՄ-ի և տվյալ երկրի միջև եղած համագործակցության հետ (ինչպիսին է օրինակ ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը էներգետիկ ոլորտում):
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա