Մեկնարկեց Orange Գրքի մրցանակ 2013-ը
Այսօր Orange-ը հայտարարել է «Orange Գրքի մրցանակ 2013» գրքի մրցույթի մեկնարկի մասին: Արդեն երրորդ անգամ կազմակերպվող ամենամյա այս մրցույթի նպատակն է խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները և օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:
«Ուրախությամբ ենք հայտարարում արդեն երրորդ Orange Գրքի մրցանակի մեկնարկը: Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange Գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցասեր հանրությունը կկարողանա մասնակից դառնալ մրցանակակիր ստեղծագործությունների ընտրությանը առցանց քվեարկության միջոցով: Անցյալ տարի մի քանի անգամ ավելի շատ մասնակիցներ գրանցվեցին Orange Գրքի մրցանակին՝ նախորդ տարվա համեմատ, ինչը հուշում է, որ մրցանակն արդեն իր կայուն տեղն է գրավել հայ մշակութային կյանքում»,- ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
«Այս իրադարձությունը թույլ է տալու գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն մեր ամենակարևոր ցանկությունն է ներգրավել ընթերցողների լայն շրջանակներին և նրանց մասնակից դարձնել գրքի ստեղծմանը: Ինչպես անցած տարիներին, այս տարի նույնպես ակնկալում ենք, որ ի հայտ կգան բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք գրվել են վերջերս կամ վաղուց, սակայն հայտնի չեն հանրությանը», - ասել է «Հայ գրքի կենտրոն» ՀԿ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով (արևելահայերեն կամ արևմտահայերեն) և կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված):
Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013թ. դեկտեմբերի 26-ը ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել [email protected] հասցեով:
Ժուրիի անդամները կընտրեն առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում: Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: 2014թ. մարտի 21-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք:
Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաև ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը` անկախ ժանրից:
Հաղթողների անունները կհրապարակվեն 2014թ. մարտի 28-ին՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ (300 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:
Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130, իսկ Orange Գրքի մրցանակ 2012-ին՝ 470 ստեղծագործություն:
Մրցույթի մասնակցության բոլոր պայմաններն ու այլ մանրամասներ կարելի է գտնել հետևյալ հասցեով: