Գյուղացուն ռուսական զորքի պատճառած վնասը փոխհատուցել են. «Հըլը մի բան էլ քառակին»
Արագածոտնի մարզի Սադունց գյուղի բնակիչ Ալիխան Բրոյանի խոտհարքը այս տարվա մայիսին ռուսական զորքը զորավարժությունների ժամանակ վնասել էր:
«Հողի մեջ մի երեսուն հատ տանկեր են, մի 300 հատ էլ սալդատ, բահերով քանդում են, խրամատներ են փորում: Նույնը կրկնվել էր մի քանի օր առաջ: Մայրիկս երեխեքի հետ գնացել, տեսել էր, լացելով սկսել էր տանկերի ուղղությամբ քարեր շպրտել, տանկը քշել էին մորս ուղղությամբ, երեխաներն ահավոր վախեցած էին»,-Panorama.am-ին պատմել էր 38-ամյա Ալիխան Բրոյանը:
Բրոյանի խնդրի մասին Panorama.am-ը բարձրաձայնեց, ինչից հետո մարզպետարանից, գյուղապետարանից ու ռուսական ռազմաբազայի հրամանատարությունից մեղադրանքներ հնչեցին գյուղացու ու միմյանց հասցեին:
Զորավարժարանի պետ Մաքս Շարդարուսկին մեղադրեց գյուղապետին ու գյուղացիներին, որոնք ապօրինի կերպով զորավարժարանի տարածքում են հայտնվում, խանգարում են վարժությունների ընթացքը, չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները: «Աստված մի արասցե, եթե ինչ-որ բան պատահի, կասեն զինվորականներն են մեղավոր»,-ասաց ռուս զինվորականը:
Panorama.am-ի մի քանի հրապարակումների շնորհիվ, բարձրաձայնվեց, որ հողը գյուղացու սեփականությունն է, մարզպետարանի պաշտոնյան խոստացավ, որ գյուղացուն պատկանող հողը վնասելու համար փոխհատուցում կլինի:
Քանի որ հունձքը սկսել է, Panorama.am-ը փորձեց պարզել, ի վերջո գյուղացին ստացա՞վ փոխհատուցումը, թե՞ ոչ:
Ալիխան Բրոյանի կինը` Նարինեն ասաց, որ փոխհատուցումը ստացել են դիզվառելիքի տեսքով:
«Մեզ օգնել են, սոլյարկա տվեցին, ծախեցինք, խոտ առանք: Մեր պահանջները բավարարվել են, շնորհակալ ենք ձեզ»,-ասաց Նարինեն, ավելացնելով, որ վնասված խոտհարքից էլ կարողացել են խոտ քաղել:
Սադունցի գյուղապետ Էդվարդ Սադունյանը Panorama.am-ին հայտնեց, որ Բրոյանի ընտանիքին ռուսական զորավարժարանի ղեկավարությունը 1 տոննա 400 լիտր դիզվառելիք է տրամադրել:
«Մի կանեստրը հաշվեցին 9 հազար դրամով, ստացվեց 540 հազար դրամ գումար, դրան էլ գումարած 200 լիտր սալյարակա` մնացած խոտը հնձելու համար»,-ասաց համայնքի ղեկավարը:
Նրա խոսքով, ռուսական հրամանատարությունից կանչել են գնդապետ Աղաջանյան Դավիթին, հարցերը ճշտել են, հաշվարկ կատարել:
«Ինքը ինչքան ուզեց, այնքան տվեցին, հըլը մի բան էլ քառակին, հարցը ի օգուտ լրիվ քաղաքացու է լուծվել, պետք է շատ գոհ մնա, ինքն այդքան եկամուտ չէր ստանում էս երեք տարվա մեջ»,-ասաց Սադունյանը, նկատելով, որ մոտ 300 տուկ էլ խոտ գյուղացին վնասված խոտհարքից է քաղել:
«Դիտավորություն չի եղել, սխալմամբ են մտել»,-ասաց գյուղապետը: Նրա խոսքով, սխալմունք է եղել նաև մարզպետարանի պաշտոնյայի հայտարարությունը, թե հողը գյուղացուն չի պատկանում:
Նախորդող հրապարակումներ`
Գյուղացու ապրուստը հողին են հավասարեցնում. «Եկեք, օգնության հասեք»
Սադունցի դեպքեր. «Գյուղապետը գլուխը բռնել է, ասում է, էս իիի՞նչ են արել»
Հողը գյուղացու սեփականությունն է, իրոք ռուսական զորքն ավիրել է. Փոխհատուցում են խոստացել
Զորավարժանքներ. Որքան իրական տեղանք է հարկավոր դրա համար