Ս. Շաքարյանց. «Ադրբեջանի խանությունը որոշել է, որ խանը պիտի մնա նույնը»
«Ադրբեջանում վերջին խոսքն ասողը Հեյդար Ալիևի եղբայրներն են, այսինքն` Իլհամ Ալիևի հորեղբայրները: Նրանք որոշում են հարցերը, ինչպես որոշվում է ցանկացած հարց խանությունում, այլ ոչ թե հանրապետությունում: Խանությունը որոշել է, որ խանը պիտի մնա նույնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով վերընտրվել է Իլհամ Ալիևը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Նրա դիտարկմամբ, Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններում ոչ մի նորություն չի եղել և որևէ զարմանք չի պատճառել ամբողջ աշխարհին: Սակայն նա հետաքրքրական համարեց ընտրությունների հետևանքները տարածաշրջանային և միջազգային արձագանքների առումով:
Քաղաքագետը պատահական չհամարեց, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն առաջինը ողջունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հույս է հայտնել, որ վրաց-ադրբեջանա-թուրքական ռազմավարական համագործակցությունը կշարունակվի:
«ԵԱՀԿ դիտորդները կարծիք են հայտնել, որ եղել են շատ կեղտոտ ընտրություններ` բազում խախտումներով: ԱՄՆ պետքարտուղարությունը շատ կոշտ գնահատականներ տվեց: Շնորհավորանքներն անգամ Անկարայից ու Մոսկվայից չեն եղել առաջին դեմքերի մակարդակով: Սա ի՞նչ է նշանակում, որ Թուրքիան կամ Ռուսաստանը այդքա՞ն էլ չեն հավանում ընտրությունների արդյունքները: Անգամ Իրանի ու Ադրբեջանի միջև եղավ սահմանում փոխհրաձգություն»,- ասաց բանախոսը:
«Բացի Վրաստանից փաստացի ամբողջ աշխարհը մինչև վերջ չի արտահայտվում, ինչ-որ վերապահումներ ունեն: Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, այսինքն` մեծ հարևանները ունեն վերապահումներ, Արևմուտքն ունի վերապահում: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Գուցե նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները Իլհամ Ալիևը խախտե՞լ է»,- հարցադրում արեց քաղաքագետը:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենան Ադրբեջանում նախագահական ընտրությունները Արցախյան խնդրի կարգավորման վրա, Ս. Շաքարյանցը նշեց, որ Իլհամ Ալիևի վերընտրվելը նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին կշարունակվեն սադրանքները:
«Մենք, ցավոք սրտի, կշարունակենք շատ ու շատ անգամներ բախվել սահմանում սադրանքներին: Այդ սադրանքները կարող են լինել տարբեր տեղերում: Այս ամիսներին եղել են Շամշադինի ուղղությամբ, վաղը չէ մյուս օրը կարող է լինել Նոյեմբերյանի ուղղությամբ և այլն: Մենք պարտադրված կլինենք հանդուրժել այդ սադրանքները: Մեր պատասխանը Ադրբեջանին չի հանգստացնում: Դա նշանակում է, որ Ալիևի ընտանիքը ձեռք է բերել շանտաժի շատ լավ մեթոդ ոչ թե մեր դեմ, այլ հարևան պետությունների: Ոչ մի պետության ձեռնտու չէ Ղարաբաղում որևէ բոց բռնկվի, բացի Ալիևի ընտանիքից»,- պատասխանեց Ս. Շաքարյանցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա