«ԱԱ-2014»-ի 32 մասնակիցներից 21-ի անուններն արդեն հայտնի են
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձան 21 հավաքականների անունները, որոնք 2014 թ. ամռանը կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Հիշեցնենք, որ մասնակիցների թիվը 32 է:
Առաջիկա Մունդիալում Եվրոպան, այսպիսով, կներկայացնեն ընտրական խմբերի հաղթողները` Բելգիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի, Անգլիայի և Իսպանիայի հավաքականները: Եվրոպական ևս չորս ուղեգրերի տերերի անունները հայտնի կդառնան անցումային խաղերից հետո. պայքարի մեջ կմտնեն Հունաստանի, Պորտուգալիայի, Խորվաթիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռումինիայի և Իսլանդիայի ազգային թիմերը:
Հիշեցնենք, որ «B» խմբի երկրորդ հորիզոնականում հայտնված Դանիայի ընտրանին չի մտել փլեյ-օֆֆ, քանի որ երկրորդը ճանաչված թիմերի շարքում ամենավատ արդյունքն ունի: Ի դեպ, անցումային խաղերի վիճակահանությունը կկայանա հոկտեմբերի 21-ին, Ցյուրիխում, իսկ հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 19-ին:
Հյուսիսային Ամերիկայից ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը մասնակցելու իրավունք են ստացել ԱՄՆ-ի, Կոստա Ռիկայի և Հոնդուրասի թիմերը: Մեքսիկայի հավաքականն անցումային խաղերում կհանդիպի Նոր Զելանդիայի ընտրանու հետ:
Հարավային Ամերիկան, բացի տանտերերից` Բրազիլիայի հավաքականից, կներկայացնեն Արգենտինայի, Կոլումբիայի, Չիլիի ու Էկվադորի ընտրանիները: Ուրուգվայի հավաքականը կփորձի Հորդանանի թիմի հետ անցումային խաղերի միջոցով ուղեգիր ապահովել:
Ասիան, Օվկիանիան Բրազիլիայում հաստատ ներկայացված կլինեն Ճապոնիայի, Ավստրալիայի, Իրանի և Հարավային Կորայի հավաքականներով: «ԱԱ-2014»-ի ևս 5 ուղեգիր Աֆրիկայում կվաստակեն Բուրկինա Ֆասո-Ալժիր, Կոտ դ’Իվուար-Սենեգալ, Եթովպիա-Նիգերիա, Թունիս-Կամերուն, Գանա-Եգիպտոս անցումային խաղերի հաղթողները: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումներն արդեն կայացել են, իսկ պատասխան խաղերը տեղի կունենան նոյեմբերի 16-ին, 17-ին և 19-ին:
Ավելացնենք, որ աշխարհի 2014 թ. առաջնությունը կանցկացվի Բրազիլիայի 12 քաղաքում, հունիսի 12-ից հուլիսի 13-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում