Սայլը տեղից կշարժվի՞. Քաղաքապետարանը 1 տարի անց վերադառնում է կիսակառույցների ճակատագրին (լուսանկարներ)
Երևանի տարբեր վայրերում, հատկապես կենտրոնում գտնվող կիսակառույց շինությունները, շատ հնարավոր է առաջիկայում վերջնականապես ավարտուն տեսք ունենան: Այդ մասին է վկայում անավարտ շինհրապարակների վերացման հարցում Երևանի քաղաքապետարանի տրամադրվածությունը:
Panorama.am-ը բազմիցս է անդրադարձել մայրաքաղաքի արտաքին տեսքը խաթարող և աղբանոց դարձած կիսակառույցների ճակատագրին ու լուսանկարների միջոցով ներկայացրել իրավիճակը: Սեփականաշնորհված կիսակառույցների պատմությունը հին է. դեռ մեկ տարի առաջ քաղաքապետարանը դրանց սեփականատերերին ժամանակ տվեց ներդրումային հստակ ծրագրեր ներկայացնել: Ավելին, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ ծրագրերը ներկայացնելուց հետո կկնքվեն պայմանագրեր ժամկետների, օրացույցային գրաֆիկի, շինարարական աշխատանքների ավարտի վերաբերյալ: Սակայն մեկ տարի է անցել, սայլը տեղից չի շարժվել:
Այժմ էլ, շուրջ մեկ տարի անց, կրկնվում է նույնը. Երևանի քաղաքապետարանը ինչ-որ քայլեր փորձում է անել կիսակառույցների սեփականատերերի հետ, ընդառաջել նրանց, որ ի վերջո դրանք վերջնական տեսք ունենան: Մասնավորապես, հոկտեմբերի 4-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ կայացել էր խորհրդակցություն մայրաքաղաքում խոշոր կառուցապատում իրականացնող այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ավելի քան 10 տարի է անավարտ են թողել հաստատված նախագծով շինությունների կառուցումը։
Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քաղաքապետը առաջարկել է Երևանի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելով, կազմել հստակ ժամանակացույց, որով կվերսկսվեն շինարարական աշխատանքներն ու դրանք սահմանված ժամկետներում կհասցնեն ավարտին։ «Եթե ունեք այլ առաջարկություններ, ապա քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկել նաև դրանք և իր լիազորությունների շրջանակում աջակցել: Ճիշտ է, այդ տարածքները, նաև կիսակառույցները ձեր սեփականությունն են, սակայն չեն կարող նույն տեսքով պահպանվել մայրաքաղաքի սրտում կամ քաղաքի ցանկացած այլ կետում», -ասել էր Տարոն Մարգարյանը: Նույն հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվել են քննարկել ու հնարավորին սեղմ ժամկետում ներկայացնել ժամանակացույցի առաջարկ։
Հանդիպումից երկար ժամանակ է անցել, սակայն արդյունքներ դեռևս չկան: «Հրավիրած խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարան-կառուցապատող ընկերություններ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները կառուցապատող ընկերություններին քաղաքաշինական փաստաթղթերի հետ կապված օժանդակություն կցուցաբերեն՝ նոր պայմանագրային փաթեթ ձևավորելու և իրավական շրջանակում կառուցապատողների խնդիրները լուծելու առումով: Կողմերը պայմանավորվել են քննարկել և սեղմ ժամկետում ներկայացնել ժամանակացույցի առաջարկ», -Panorama.am-ին փոխանցեցին Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից: Ինքը` գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հրաժարվեց թեմայի վերաբերյալ ավելին խոսել, իսկ աշխատակազմից փոխանցեցին, որ նա լրագրողների հարցերին կպատասխանի գործունեության 100 օրը լրանալուց հետո:
Մայրաքաղաքում կան շատ կիսակառույցներ, սակայն դրանց շարքում այսօր քաղաքային իշխանությունն առավել հրատապ է համարում շուրջ տասը կիսակառույցներն ավարտին հասցնելու հարցը:
Դրանք են`
Ինչ վերաբերում է Կայարանամերձ հրապարակում նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում գոյություն ունեցեղ կիսակառույցին, ապա Գլխավոր ճարտարապետի աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ Երևանի քաղաքապետարանի՝ դեռևս 2013 թ հունիսի 10-ին հայտարարված մի շարք հրապարակների վերակառուցման բաց մրցույթը ներառում է նաև «Սասունցի Դավիթ» հրապարակը, ինչը նշանակում է տվյալ կիսակառույցի սեփականատեր «Բիլդ» ՍՊԸ-ն ունենալով կառույցի քանդման թույլտվություն, այնուհանդերձ, իր կողմից կառուցելիք շենքը պիտի դիտարկի տվյալ մրցույթի, այսինքն այդ հրապարակի վերակառուցման համատեքստում:
«Ցանկությունը մեկն է, որ քաղաքապետարանը ընդհանուր հայտարարի գա կառուցապատողների հետ և այդ խնդիրը վերջնականապես լուծվի», -նշեցին գլխավոր ճարտարապետի աշխատակազմից: