Ադրբեջանի դեսպանը Զեյնալովի գործի կապակցությամբ Ռուսաստանին սպառնացել է «բումերանգով»
Նախօրեին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին ելույթ է ունեցել ռուսական «Дождь» հեռուստաալիքի եթերում` խոսելով Եգոր Շչերբակովի` Մոսկվայում տեղի ունեցած սպանության մասին, որի մեջ կասկածվում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը: Նա խոսել է նաև սպանությանը հաջորդած դեպքերի`բանջարեղենի պահեստաբազայի վրա հարձակման, Զեյնալովի կալանավորման և ԶԼՄ-ներում իրադրության լուսաբանման մասին:
Դեսպանը դատապարտել է «ռուսական ԶԼՄ-ների հիստերիան»` նշելով, որ Ադրբեջանում ևս ռուսներ են ապրում, և նրանք նույնպես հանցագործություններ են կատարում ադրբեջանցիների դեմ. նա որպես օրինակ բերել է ադրբեջանցի Հալիլովի սպանությունը ազգությամբ ռուս ոմն Բաքվի բնակչի կողմից: Ընդ որում` Բյուլբյուլ օղլին նշել է, որ դեպքերի նման զարգացումը կարող է բերել «բումերանգի»: Նա նաև նշել է, որ Ռուսաստանում 25 միլիոն մահմեդական կա:
Ադրբեջանի դեսպանի կարծիքով` միջադեպի գլխավոր մեղավորը Շչերբակովի ընկերուհին է, ում հանդեպ հավանաբար ոտնձգություն է թույլ տվել Զեյնալովը. «Մեքենայում ռադիոյով լսեցի այն աղջկա հարցազրույցը, ում պատճառով կատարվել է այդ ամենը. նա հուզված նշեց, որ չէր ցանկանա, որպեսզի իր պատճառով ինչ-որ միջազգային խնդիրներ առաջանային»:
Բյուլբյուլ օղլին կոչ է արել չչափազանցնել միջադեպը, քանի որ նման հանցագործություններ «եղել են, կան ու կլինեն», և դրանք Մոսկվայում տեղի են ունենում ամեն օր ու ամեն ժամ: «Քայլում էր մարդն ընկերուհու հետ, ընկերուհուն վիրավորել են, նա պատասխանել է»,- ասել է նա:
Հատկանշական է, որ Ադրբեջանի դեսպանը հարցազրույցի ընթացքում սպանված Եգոր Շչերբակովին անվանում էր «այդ տղան», իսկ սպանության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն` «պարոն Զեյնալով»:
Մեկնաբանելով ՌԴ պետական դումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովի նամակը, որտեղ վերջինս վրդովմունք է արտահայտում այն կապացությամբ, որ ադրբեջանական կողմը լռում է` Փ. Բյուլբյուլ օղլին հայտարարել է, որ նամակը դեռ չի ստացել: «Աղմուկ բարձրացնել ցանկացողներին ուզում եմ հայտնել, որ մինչև դատարանի որոշումը յուրաքանչյուր խոսակցություն, եզրակացություն, դատողություն, օդում բռունցքի կամ խոսքերի թափահարում միանգամայն անիմաստ է»:
Ընդ որում` Ադրբեջանի դեսպանի խոսքերով Ադրբեջանը աջակցելու է Զեյնալովին. «Մենք Ռուսաստանի ԱԳՆ-ին ուղղված նոտա ենք պատրաստել, վաղն այն ուղարկելու ենք և հյուպատոսական աջակցություն ենք պահանջելու այն մարդու համար, ով կասկածվում է տվյալ սպանության մեջ: Նրա մոտ պետք է թույլատրեն իրավաբանների մուտքը, եթե անհրաժեշտ լինի` նաև թարգամչի, և ամեն ինչ պետք է իրականացվի օրինական դաշտում»:
Հատկանշական է նաև, որ Ադրբեջանի դեսպանը փորձել է հերքել ակնհայտ և հայտնի փաստը. հոկտեմբերի 15-ին` Բաքվում կայացած Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականների խաղի ընթացքում, ադրբեջանցի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել Ռուսաստանի հավաքականի խաղացողի վրա, ինչի պատճառով վերջինին ստիպված են եղել հեռացնել դաշտից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին` հինգշաբթի, Ադրբեջանից ժամանած անձի հետ վիճաբանության արդյունքում դանակահարվել և մահացել է Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովը: Շաբաթ երեկոյան թաղամասի բնակիչները մարդասպանին գտնելու պահանջով դուրս են եկել փողոց: Կիրակի օրը ազգայնականների և Արևմտյան Բիրյուլևո թաղամասի` նրանց համակրող բնակիչները` թվով մոտ 1000 մարդ, հարձակում են կազմակերպել բանջարեղենի պահեստաբազայում, որտեղ աշխատում են ԱՊՀ երկրներից ժամանած անձինք: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ը և ձերբակալել խռովությունների մոտ 380 մասնակցի: Ձերբակալությունների ընթացքում տուժել է ոստիկանության 6 աշխատակից. այդ թվում` ՕՄՕՆ-ի գումարտակի հրամանատարը լուրջ վնասվածքներ է ստացել:
Հատկանշական է, որ սպանված Եգոր Շչերբակովի ընկերուհին «Москва 24»-ի եթերում նշել է, որ դեմ է ցույցերին և չի ցանկանում միջազգային խնդիրներ առաջացնել: Այժմ Եգոր Շչերբակովի սպանությունը Մոսկվայի ոստիկանության գլխավոր բաժանմունքի հսկողության տակ է:
Ավելի ուշ ոստիկանությունը սկսել է միգրանտների դեմ խիստ ստուգումներ անցկացնել: Այդպես, ըստ РИА «Новости»-ի` հոկտեմբերի 14-ին Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո թաղամասի Պոկրովսկայա բանջարեղենի պահեստաբազայում 1200 միգրանտ է ձերբակալվել:
Արդեն հոկտեմբերի 15-ին սպանության մեջ կասկածվող, ազգությամբ ադրբեջանցի Օրհան Զեյնալովը ձերբակալվել է մերձմոսկովյան Կոլոմնայում: