ԿԳՆ գերակա խնդիրը. 5-6 տարեկան երեխաների 70 տոկոսն արդեն ընդգրկված է նախադպրոցական ծրագրերում
Կրթության համակարգում առաջին օղակը նախադպրոցական կրթությունն է, ինչը գտնվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում: Նախարարությունը նպատակաուղղված պետական քաղաքականություն է վարում այս հարցում, ասում է ԿԳՆ Հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի ավագ մասնագետ Հասմիկ Նիտոյանը:
Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն` նախադպրոցական կրթությունը տարանջատվեց կրթության ընդհանուր համակարգից և հանձնվեց համայնքներին: Նախկինում այն պետական հոգածության ներքո էր: Այդ ժամանակաշրջանը մի շարք խնդիրներով էր բնորոշ` ծնողների վերաբերմունքը նախադպրոցական կրթության նկատմամբ, նրանց զբաղվածությունը, նյութական բազայի համալրման, նոր մանկապարտեզների հիմնադրման խնդիրներ և այլն: Նախադպրոցական կարթության կազմակերպման հարցում համայնքների լիազորությունների ու պարտականությունների հստակեցման խնդիր կար և այլն:
Ի՞նչ է արել այս ընթացքում Կրթության և գիտության նախարարությունը նախադպրոցական կրթության կազմակերպման և որակի բարձրացման հարցում, ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվել, ի՞նչ թիրախներ են ընտրվել ու ինչպիսի՞ բացեր դեռ կան: Panorama.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է Հասմիկ Նիտոյանի հետ:
Համայնքներն են իրականացնում նախադպրոցական կրթության ապահովման գործընթացը, պետությունն աջակցում է
Մասնագետը նկատեց, որ որքան էլ պետությունն աջակցում է, համայնքներն իրենք են իրականացնում նախադպրոցական կրթության ապահովման գործընթացը:
Նա նշեց, որ օրենք չկար, որը կհստակեցներ նախադպրոցական ցանցի ամրանդման, կայունացման և հետագա զարգացման վերաբերյալ խնդիրները: Այս ամենը հաշվի առնելով, Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ, 2005 թվականին ընդունվեց օրենք, ինչպես նաև` «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», որում ներկայացված էին ներկա վիճակն ու մարտահրավերները: Առկա է նաև կրթության զարգացման պետական ծրագիր 2011-2015 թթ համար, որտեղ որպես բաղադրիչ տրված են նաև նախադպրոցական կրթության զարգացման հիմանխնդիրները:
Նախարարությունը համագործակցել է նաև միջազգային հասարակական կազմակերպություների, կառույցների հետ, որոնք աջակցում են ռազմավարական խնդիրների շրջանակներում նախադպրոցական կրթության զարգացմանը:
«Մենք սկսեցինք բովանդակայինից` չափորոշիչների մշակում, հաստատում, պետբյուջեում ներառված կրթական ծրագրեր, իրավական դաշտի կարգավորման խնդիրների լուծմանը ձեռնամուխ եղավ նախարարությունը: Տնօրեններին ձեռնարկներ տրվեցին, օրինակելի կանոնադրություն մշակվեց և գործընթացը դեռ շարունակվում է»,- ասաց նա:
Գերակա խնդիր. 5-6 տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական ծրագրերում
Նախարարությունը գերակա խնդիր է համարել հատկապես 5-6 տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական ծրագրերում, քանի որ դա այն վերջին տարիքն է, որից անցում են կատարում տարրական ուսուցմանը: Բոլոր աշակերտների համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու խնդիր է դրել: «Նախադպրոցական կրթության վերաբերյալ ռազմավարական ծրագրով մենք նախատեսել ենք, որ 2016-ին արդեն պիտի 90 տոկոս ընդգրկվածություն լինի, մենք արդեն հաղթահարում ենք այդ շեմը: Այս տարի արդեն 70 տոկոս ընդգրկվածություն ունենք: Ուրիշ խնդիր է, որ այդ շեմը հաղթահարենք, պիտի անցնենք մյուս տարիքային խմբերին: Մենք ստանում ենք պարբերաբար տվյալներ և երեխաների թվի, և պայմանների, ծրագրերի և այլնի մասին»,- տեղեկացրեց նա:
Նախադպրոցական կրթության կազմակերպման նոր և այլընտրանքային մոդելներ
Նախարարությունը նախադպրոցական կրթության կազմակերպման համար նոր և այլընտրանքային մոդելներ է մշակել: «Նույնիսկ խորհրդային ժամանակներում մենք շատ համայնքներում մանկապարտեզներ չենք ունեցել: Մի շարք մանկապարտեզներ ֆիզիկական մաշվածություն ունեին, երկար տարիներ չէին աշխատել: Կրթության որակի և մատչելության ապահովման խնդիրը դրվեց: Մենք շահագրգռեցինք համայնքերին, նրանք էլ պիտի մասնակցություն ունենային, որ պատասխանատվությունն ու վերահսկելությունն ապահովեին: Նախադպրոցական հաստատություններ ստեղծվեցին նաև դպրոցական բազայի հիման վրա: Պետությունը տալիս էր 75 տոկոս աջակցություն, մնացած մասը համայնքների հաշվին էր արվում, երբեմն նաև ծնողներն են մասնակցում: Մեկնարկն ապահովվում էր, մյուս տարին արդեն իրենք էին շարունակում հոգալ խնդիրները: Այսպիսով, պայմաններ էին ստեղծվում, նյութական, ուսումնադիտողական բազայի համալրում, կադրերի վերապատրաստում, ծրագրերի և գրականության ապահովում, որ իրենք կարողանան շարունակել: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար ուսումնամեթոդական ծրագրեր են մշակվում և տրամադրվում դպրոցներին: Մենք ամեն ինչ մատուցում ենք, մնում է դաստիարակը վերցնի ու աշխատի»,- ասաց Հասմիկ Նիտոյանը:
Մասնագետի խոսքով` այս նոր մոդելի շնորհիվ այն համայնքներում, որտեղ մանկապարտեզ չկար, դպրոցական բազայի հիման վրա ստեղծվեցին նախադպրոցական խմբեր: Դրանք արդեն դպրոցների ենթակայության տակ էին գործում: Որոշում ընդունվեց, որ այստեղ սովորող երեխաների ուսուցման ֆինանսավորումն արդեն անցնում է պետբյուջեի հաշվին, ի տարբերություն համայնքային մանկապարտեզներին, որ համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունների շրջանակում էին:
«Դպրոցների բազայի հիման վրա գործողներն արդեն կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի աջակցությամբ միշտ խրախուսովում է այն տեղերում, որտեղ պահանջարկը մեծանում է: Այսինքն դրամաշնորհային ծրագրերը շարունակվում են: Որքան էլ ասում են, որ երեխաների թիվը նվազում է, մանկապարտեզ հաճախողների թիվը բավական մեծացել է: 200 ավելի դպրոցներում միկրոծրագրեր են իրականացվել և այդ հաստատություններն անցնել են պետբյուջեի ֆինանսների ներքո: Այս հաստատությունները միայն կրթական մասով են ծախսերը հոգում, դրանք կարճաժամկետ մոդելներն են, իսկ սնունդը ծնողների հաշվին է: Այս մոդելը, սակայն, քաղաքում այնքան էլ արդյունավետ չէ, քաղաքում պահանջարկը երկարաժամյա է: Բացի այդ, մենք հնարավորություն ենք տվել, որ նախադպրոցական կրթության տևողությունը լինի ըստ ծնողների պահանջի»,- ասաց Նիտոյանն ու հավելեց, որ բացի այս մոդելներից կա նաև ավանդական բուն մանկապարտեզը:
Նա նաև արձանագրեց, որ բազմաթիվ մանկապարտեզներ վերանորոգվում են` բարերարների, պատգամավորների, հովանավորների, համայնքների բյուջեից ներդրումների շնորհիվ:
«Հնարավոր էլ չէ բոլոր գյուղերում մանկապարտեզներ ունենալ»
Հասմիկ Նիտոյանի բնորոշմամբ` հնարավոր էլ չէ բոլոր գյուղերում մանկապարտեզներ ունենալ: Իսկ եթե կան համայնքներ, որտեղ նախադպրոցական հաստատություն չկա, ապա, ըստ նրա, համայնքը չի իրականացնում իր պարտավորություններն ու չի հետևում պետական ծրագրերին:
«Մեզ շատ համյանքներ են դիմում, որ մենք այսքան դրամաշնոր կդնենք, կաջակցենք, մեզ մոտ էլ մանկապարտեզ հիմնենք, կամ թեկուզ դպրոցի բազայի հիման վրա բացվեն: Այստեղ արդեն համայնքի չեզոքության խնդիրը կա: Մենք հրապարակայնորեն հայտարարում ենք մեր ծրագրերի մասին, իրենք տեղեկանում են մրցույթների մասին, պայմանների և այլն: Բնական է, մեր միջոցներն էլ անսահմանափակ չեն: Նույնիսկ եղել է, որ մի համայնքը երկու անգամ է դիմել, երբ նախորդ տարի չեն անցել մրցույթը: Օրինակ, Գեղարքունիքի մարզում մի համայնքում առհասարակ մանկապարտեզ չկար, բայց երեխաները շատ էին: Այնքան հետամուտ եղան, որ հասարակական կազմակերպությունների, նաև մեր աջակցությամբ արդեն չորս խմբի համար նախադպրոցական հաստատություն է հիմնվել և երկու հերթով են աշխատում: Այսինքն ստեղծել ենք պայմանները, այնտեղ ի՞նչ է մնում: Աշխատավարձն էլ պետբյուջեից է վճարվում, քանի որ դպրոցական բազայի հիման վրա է: Արդեն այդ պարտադիր լիազորությունների խնդիրն է, իսկ վերահսկողը մարզպետարանների վարչություններն են»,- ասաց նա:
ԿԳ նախարարության ներկայացուցիչը նշեց, որ իրենք համագործակցում են Առողջապահության նախարարության հետ` սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի նորմերի հարցում, հաստակցվում է անառողջ, արգելված սննդի և երաշխավորված սննդի ցուցակները: Այսինքն, դա էլ է կարգավորվում:
Մարզերում երեխաների ընդգրկվածությունը կախված է նաև բնակչության խտությունից
Անկախ սոցիալական վիճակից, ազգությունից, բոլորը հնարավորություն ունեն նախադպրոցական հաստատություններում սովորել, ընդգծեց Հասմիկ Նիտոյանը:
«Մենք այլընտրանքային տարբերակների հնարավորություն էլ ընձեռեցինք, բայց եթե՞ նույնիսկ անվճարի դեպքում ծնողը չի ուզում երեխային տանել մանկապարտեզ… համայնքներում բացված կարճաժամկետներն անվճար են: Իսկ, օրինակ, Երևանում հիմա մեծ հերթագրման խնդիր կա: Մարզերում ծնողները չեն աշխատում, դա էլ է պատճառ, որ երեխաներին չեն ուզում տանել մանկապարտեզ: Բայց պետք է նշեմ, որ մարզերում էլ է մանկապարեզ հաճախող երեխաների թիվն ավելանում: Ճիշտ է ծնողի գիտակցությունը կարևոր է, այդ պատճառով մենք բոլոր մանկապարտեզներում առանձին ծնողների հետ տարվող աշխատանքների բաժին ունենք: Մենք ծնողական կրթության ձեռնարկ էլ ունենք, որով բացատրում ենք, թե ինչքան կարևոր է նախադպրոցական կրթությունն ու ինչու երեխաները չպիտի բաց թողնեն այն: Մենք լիցենզավորում ենք նաև ոչ պետական հաստատությունները, դրանց թիվը 53-ից ավելի է: Նաև ոչ պետական սեկտորն է ներառվում այսպիսով:
Մարզերում երեխաների ընդգրկվածությունը կախված է նաև բնակչության խտությունից: Օրինակ Արարատի մարզը 70 մանկապարտեզ ունի, Շիրակի մարզում 30 ծրագրեր են իրականացվել, Արագածոտնում մանկապարտեզների քանակը քիչ է, բայց ծրագրեր արվում են»,- ասաց նա:
Հասմիկ Նիտոյանը նաև հավելեց, որ հիմա օրենքում փոփոխություններ են պատրաստվում անել: 2005-ին ընդունված օրենքում գործնականում շատ դրույթներ պետք է հստակեցվեն. «Մենք նաև ուղղվածությունն ենք տալիս, թե պետությունը ինչ միջոցներ դեռ կհատկացնի նախադպրոցական կրթությունը լավագույնս իրականացնելու համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները