«Ռոսնեֆտը» հրաժարվո՞ւմ է «Նաիրիտից»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, հոկտեմբերի 16-ին սպասվում էր «Ռոսնեֆտ» պետական ընկերության նախագահ Իգոր Սեչինի և «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերի այցը Հայաստան: «Հայռուսգազարդում» նույնիսկ արդեն պատրաստվել էին հանդիսավոր ընդունելության, սակայն հյուրերը չեկան:
Ըստ ՌԴ ֆինանսական շրջանակներին մոտ կանգնած թերթի աղբյուրների, պատճառն այն է, որ ռուսական կողմից վերջերս արգելակվել է «Նաիրիտը» ՌԴ նավթային խոշորագույն ընկերությանը հանձնելու գործարքը:
«Կործանված «Նաիրիտի» խնդիրը, իբրև օր օրի աճող չարորակ ուռուցք, շարունակում է մթնեցնել ՀՀ վարչապետի աշխատանքային առօրյան: 70 միլիոն դոլարից, որը գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ռայնովիլ փրոփերթին» վերցրեց, գրավադրելով գործարանն ԱՊՀ «Մեժգոսբանկում», 2006 թվականին հասել է, տարբեր գնահատականներով, 205-300 մլն դոլարի: Այս պարտքը ռուսները պարբերաբար պահանջում են ՀՀ կառավարությունից»:
Թերթի տեղեկություններով, հարցը բարձրացվել է ՀՀ վարչապետի առաջ նրա մոսկովյան վերջին այցի և ՌԴ փոխվարչապետ Շուվալովի հետ հանդիպման ժամանակ, սակայն կրկին հետաձգվել է անորոշ ժամանակով: