Մ. Մինասյան. Զարուհի Փոստանջյանը ուրիշի երգը երգող երգիչ է
«Մենք պետք է հարց տանք ինքներս մեզ և «Ժառանգության» գործընկերներին, թե ո՞ւմ ջրաղացին էինք ջուր լցնում և ո՞ր պահին: Հիշեք պահը: Մեր նախագահի կողմից հստակ պատասխան տրվեց ադրբեջանական պատվիրակության ղեկավարին, որ եթե դուք սկսեք պատերազմ, ապա աշխարհին պիտի բողոքեք ոչ թե 20%, այլ 25-30%-ի կորստից: Այդ պահին ադրբեջանական պատվիրակությունը, փաստորեն, «մանթրաժի» մեջ էր, և մեր գործընկերը փորձեց նրանց այդ «մանթրաժից» հանել»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով ԵԽԽՎ գագաթաժողովում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին` ուղղված Սերժ Սարգսյանին, նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ այդ պահին, ո՞ւմ ցանկությամբ և ո՞ւմ դուր գալու համար էր այդ հարցը բարձրաձայնում Զարուհի Փոստանջյանը, ապա ընդգծեց, որ բոլոր դեպքերում դա անընդունելի է:
Մ. Մինասյանը նշեց, որ ներկայում Զ. Փոստանջյանն ինքնադրսևորման քայլեր է ձեռնարկվում, ինչը շոու է. «Փոստանջյանն իր հարցով դրսևորեց իր հայի տեսակը, հոգեկերտվածքը: Նա ուրիշի երգը երգող երգիչ է»:
Պատգամավորը չհամաձայնեց, թե Զարուհի Փոստանջյանի հասցեին ՀՀԿ-ական իր գործընկերների քննադատական հայտարարությունները սպառնալիքներ են:
«Կարող են լինել էմոցիոնալ արտահայտություններ, բայց դրանք սպառնալիքներ չեն: Իմ արտահայտությունների մեջ էլ կարող է երանգ լինել, որ վաղը ասի, թե պարոն Մինասյանը նույնպես ուզում է ինձ հարվածել, ստորացնել: Ասում եմ այն, ինչ ասում եմ` անընդունելի է»,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակին` նա փաստեց, որ Զ. Բալայանի նամակում չի հանդիպել Արցախը Ռուսաստանին հանձնելու մասին որևէ նախադասություն:
«Նա ընդամենը փաստում է ամբողջ պատմական իրողությունը և ներկայացնում Ռուսաստանի նախագահին այսօր գոյություն ունեցող իրավիճակը Արցախի շուրջ: Քանի որ Ռուսաստանը պատմականորեն որոշակի պարտավորություն և իրավասություններ ունի Արցախի ժողովրդի նկատմամբ, նա փորձում է իր տեսակետն արտահայտել, որը գոյության իրավունք ունի»,- ասաց Մ. Մինասյանը` հավելելով, որ ռուսական կողմից պատասխանը, թե նամակը ստացել են և կարդացել, սակայն չեն արձագանքելու, նշանակում է, որ նամակն ընդունվել է ի գիտություն: