Ս. Նիկոյան. Ալիևն աննպատակահարմար է դարձնում նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը
«Ադրբեջանի նախագահն իր ապակառուցողական գործողություններով աննպատակահարմար է դարձրել նախագահների մակարդակով հանդիպումների կազմակերպման հարցը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ավելի քան մեկ տարի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում չկազմակերպվելու հարցը, ասաց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:
Ըստ Ս. Նիկոյանի, այն հանգամանքը, որ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարություններում ու քննարկումներում հղում է կատարում նույն այդ բանակցությունների հիմքում ընկած հիմնական սկզբունքներից միայն մեկին՝ տարածքային ամբողջականությանը և անտեսում երկու մյուս սկզբունքները՝ ուժի կամ դրա սպառնալիքի բացառում ու ժողովուրդների ինքնորոշման իրավունք, արդեն իսկ ապակառուցողական մոտեցում է:
«Ընդ որում՝ համանախագահ երկրների ղեկավարները իրենց համատեղ հայտարարություններում բազմիցս շեշտել են, որ բանակցությունների հիմքում ընկած սկզբունքները մեկ ամբողջություն են և դրանք պետք է դիտարկվել մեկ հարթությունում, իսկ դրանց առանձնացումը հակասում է բանակցությունների տրամաբանությանը»:
Նրա խոսքերով, նույնիսկ համանախագահ երկրների ղեկավարների հորդորներից հետո Ադրբեջանի ղեկավարները շարունակում են առաջնորդվել բանակցությունների էությունը խեղաթյուրող մոտեցումներով:
«Ադրբեջանի նախագահը նույնիսկ դպրոցների, մանկապարտեզների բացման արարողությունների ժամանակ ունեցող ելույթներում է խոսում այն մասին, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու հարցը շարունակում է մնալ օրակարգում»,- հավելեց նա: